Ըստ newsru.com-ի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղթանակի հասնելու համար գործի է դրել բոլոր միջոցներն, այդ թվում նաեւ՝ հոգեւոր։ Ֆլորիդայում տեղակայված New Destiny եկեղեցու գլխավոր պաստոր Պաուլա Ուայթը, որը հանրահայտ հեռուստաքարոզիչ է եւ միաժամանակ նախագահի հոգեւոր խորհրդատուն, աղոթք է հղել հանուն Թրամփի՝ առաջ քաշելով «դիվական դավադրության» վարկածը։
Ըստ Ուայթի՝ «դիվական դավադրության» ազդեցության գոտում են վեց նահանգներ։ Դրանք հավանաբար այն նահանգներն են, որտեղ ձայների հաշվարկը դեռ շարունակվում է։
Քարոզիչը մի քանի անգամ հուզված ասել է, թե լսում է «հաղթանակի ձայնը» և, անհասկանալի բառեր արտաբերելով՝ ազդարարել «հրեշտակների զորավիգ ուժի» գալուստն Աֆրիկայից ու Հարավային Ամերիկայից։
Սոցիալական ցանցերի օգտատերերը տպավորվել են հատկապես «աֆրիկյան հրեշտակների» մասին նրա ասածներից։ Նրանք սկսել են մեմեր տեղադրել, որոնք ցուցադրում են, թե ինչպես են այդ «հրեշտակներն» արձագանքում Պաուլա Ուայթի կոչին։