Վրաստանում այս օրերին լարված իրադրություն է: Օրեցօր շարունակում են աճել կորոնավիրուսով վարակման դեպքերը: Ակնհայտ էր, որ նախընտրական շրջանում կառավարությունը զերծ էր մնում որևէ սահմանափակում մտցնելուց, իսկ իշխող կուսակցության հաղթանակով ընտրույթունների ավարտից հետո իրավիճակը փոխվեց:
Հաղթանակած կառավարության համար բողոքի ցույցերի դեմն առնելու հեշտ տարբերակ է սահմանափակումներ սահմանելը: Այսպես են որակում Վրաստանի ներկայիս սահմանափակումները մի շարք ՀԿ-ներ և քաղաքական ակտիվիստներ:
Նոյեմբերի 9-ից Վրաստանի խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում ժամը 22:00-ից մինչև 05:00-ն կարգելվի քաղաքացիների տեղաշարժը: Բոլոր կազմակերպությունները կաշխատեն մինչև ժամը 22:00, բացի դեղատներից և ռազմավարական նշանակության օբյեկտներից:
Վերոնշյալի վերաբերյալ «Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն», «Արդար ընտրությունների միջազգային ընկերակցություն» եւ «Մարդու իրավունքների արշավ» հասարակական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ Վրաստանի կառավարության կողմից պարետային ժամ մտցնելը հակասահմանադրական է, քանի որ կառավարությունը չունի շարժման ազատությունը սահմանափակելու օրինական իրավասություն:
Կազմակերպությունները նշում են, որ այս քայլը ընկալվում է որպես բողոքների ներկայիս ալիքը ճնշելու փորձ և շեշտում, որ նման արգելքը օրինական նպատակին հասնելու արդյունավետ, անհրաժեշտ և համաչափ միջոց չէ:
Հայտարարության հեղինակները կարծում են, որ երկրում ընթացող իրադարձությունների ֆոնին սա ընկալվում է որպես կառավարության կողմից ժողովրդավարական գործընթացը խաթարելու փորձ և պայքար ոչ թե COVID-19- ի տարածման դեմ, այլ բողոքի ալիքի, որը բարձրացել է ընտրությունները «կեղծելուց» հետո:
Չնայած կառավարության ընդունած սահմանափակումներին՝ նոյեմբերի 9-ին ժամը 22:00-ից հետո էլ ցուցարարները շարունակեցին մնալ Խորհրդարանի շենքի մոտ։ Մինչ այդ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ Նիկա Մելիան, դիմելով ցուցարարներին, ասել էր, թե հաշվի առնելով առկա իրավիճակը չի կարող մարդկանց ստիպել մնալ Ռուսթավելիի պողոտայում, բայց ինքը մնալու է։
Վրաստանում տեղաշարժման արգելքն անտեսելու համար 2000 լարի (մոտ 600 ԱՄՆ դոլար) տուգանք է սահմանվել ֆիզիկական անձանց համար, իրավաբանական անձանց համար` 10 հազար լարի (մոտ 3000 ԱՄՆ դոլար):
2017-ից «Ալիք մեդիա»-Վրաստան թիմի անդամ եմ՝ լրագրող։ Թեեւ Վրաստանի տեխնիկական համալսարանում իրավագիտություն եմ ուսումնասիրել, բայց ինձ համար հետաքրքիր են բոլոր ոլորտներն ու թեմաները։