Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իրանական պաշտոնական արձագանքները միշտ առանձնացել են չեզոք եւ հավասարակշռված բնույթով։ Իրանը միակ երկիրն է, որ սահմանակից է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, իսկ մինչեւ պատերազմը սահման ուներ նաեւ Արցախի հետ։ Հետևաբար՝ հակամարտության գոտում զինված բախումները նշանակում են ապակայունացում Իրանի հյուսիսային նահանգների մոտ։
Եվ այս, և 2016-ի ապրիլյանի օրերին բախումների ընթացքում հրթիռներ են ընկել Իրանի տարածք։ Իրանի տարածք է ընկել նաև Ադրբեջանական խփված ուղղաթիռ։ Ադրբեջանի կողմից իսրայելական արտադրության ԱԹՍ-ների կիրառումը սահմանային հատվածներում նույնպես հավելյալ անհանգստության առիթ է այդ երկրի համար։
Բացի այդ, Իրանի հյուսիսային նահանգների թյուրքախոս բնակչության շրջանում պանթյուրքական ու հակաիրանական տրամադրությունների տարածմամբ հետաքրքրված ուժերի համար ղարաբաղյան հակամարտության գոտու յուրաքանչյուր լարվածություն, Իրանի տարածք տեղափոխվելու նոր հնարավորություն է ստեղծում։ Իսկ ոչ միայն Թուրքիայի, այլ նաև սուննի ծայրահեղական խմբավորումների ներկայացուցիչ ահաբեկիչների մասնակցությունը զինված բախումներին, կոնկրետ սպառնալիք են նաև Իրանի ազգային անվտանգության շահերին։
Այս բոլոր բաղադրիչներն են պայմանավորում Ղարաբաղյան հակամարտության սրացման առիթով Իրանի պաշտոնական հայտարարություններն ու մամուլի, վերլուծական հանրության արձագանքները։
Զինված բախումների վերսկսման հենց առաջին օրվանից իրանական մամուլն անդրադառնում էր խնդրին՝ մեծավ մասամբ չեզոք լրատվություն ապահովելով, հենվելով երկու երկրների ՊՆ հաղորդագրությունների վրա։ Հատկանշական է, որ որոշ հրապարակումներ որպես խորագիր ընտրել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը՝ «Ադրբեջանը հարձակվել է Ղարաբաղի վրա»։ Ակտիվորեն լուսաբանվում էին բոլոր արձագանքները միջազգային հանրության կողմից, հեռախոսազանգերը Փաշինյանի հետ ու նրա հայտարարությունները ռազմաճակատում Թուրքիայի ներգրավվածության մասին։ Հոդվածների մեծամասնությունն ուղեկցվում էր հայկական կողմի տարածած լուսանկարներով, որ պատկերում էին և՛ ռազմի դաշտը, և՛ քաղաքացիական բնակչությանն ու բնակավայրերը։
Զինված բախումների երկրորդ օրը Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հանդես եկավ կրակը դադարեցնելու կոչով ու խոսեց Իրանի՝ միջնորդական առաքելությամբ հանդես գալու պատրաստակամության մասին։ Իսկ արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերում գրեց, որ իր երկիրն ուշադիր հետևում է զարգացումներին, որ հարևաններն իրենց առաջնահերթությունն են եւ որ պատրաստ են օգնել վերադառնալ բանակցությունների։ Սրան հետևեց նաև Նիկոլ Փաշինյան-Հասան Ռուհանի հեռախոսազրույցը, որի ընթացքում նույնպես կողմերը կարևորում էին հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։
Իրանական մամուլն առանձնահատուկ ուշադրությամբ էր հետեւում շփման գծում ահաբեկիչների ներկայությունը փաստող լուրերին։ Հայտնվում էին վերլուծականներ այն մասին, թե՝ անկախ նրանից, ինչ ելքով կավարտվեն բախումները, ահաբեկիչների ներկայությունն ապակայունացնում է տարածաշրջանը՝ սպառնալով դառնալ նոր բռնկումների պատճառ։ Հոկտեմբերի առաջին օրն արդեն իրանական մամուլում տեղեկություն էր տարածվում այն մասին, որ սիրիական աղբյուրների համաձայն՝ նախկինում Սիրիայում կռվող 30 թուրք զինյալներ են սպանվել, իսկ 60-ն անհետացել Ղարաբաղում։
Վերլուծականների մեջ հայտնվում էին Սիրիայի ճգնաժամի ու ԼՂ հակամարտության ընթացիկ փուլի զուգահեռներ։ Շեշտվում էր, որ երկու դեպքում էլ Թուրքիան ապակայունացնող ու բախումներ հրահրող դերակատարում ունի և որ երկու տարածաշրջանում էլ Թուրքիայի ու Իրանի շահերը հակասում են իրար։
Հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշմանն անդրադարձող վերլուծականներից մեկում նշվում էր, որ Իրանը համաձայն է անգամ Ղարաբաղի հարցի հանրաքվեով լուծման տարբերակին, միայն թե բացառվի ուժի կիրառումը, բախումների շարունակականությունն ու ահաբեկիչների ներկայությունը հակամարտության համատեքստում։
Ահաբեկիչների ներկայությանն անդրադարձել էր նաև ԱԳՆ մամուլի խոսնակն ու նշել, որ Իրանը թույլ չի տա ահաբեկիչների ներկայություն հյուսիսային իր սահմանների մոտ։
ԼՂ հակամարտության իրանական արձագանքների բազմաշերտության մեջ հաճախ առանձնանում էին Իրանի հյուսիսային՝ Արևելյան ու Արևմտյան Ատրպատական, Արդեբիլ նահանգների ուրբաթօրյա աղոթքի առաջնորդները, որոնք հաճախ տեղի բնակչության որոշ հատվածի ազգայնական տրամադրությունների օգտագործմամբ հակահայկական հայտարարություններ էին անում, մասնավորապես ղարաբաղյան հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելով եւ շեշտելով Ադրբեջանին օգնելու անհրաժեշտությունը։ Այս անգամ էլ եղան նման կոչեր, բայց միաժամանակ, Արևելյան Ատրպատականում Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Թավրիզի Ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ Հոջաթոլեսլամ Սեյյեդ Մոհհամադ Ալի ալ Հաշեմը հայտարարեց, որ խնդրին արձագանքելը երկրի դիվանագետների տիրույթում է, իսկ հարցը ռազմական լուծում ունենալ չի կարող։ Նա, միաժամանակ, կարևորեց այն հանգամանքը, որ կողմերը պիտի անհապաղ դադարեցնեն կրակն ու վերադառնան բանակցություններին, քանի որ «հավելյալ արյուն թափելը չի կարող որևէ կերպ օգնել խնդրի լուծմանը»։ Սա կարևոր արձանագրում էր այս տարածքի բնակիչների համար հաճախ ասպարեզ նետվող «ջիհադի», «հանուն իսլամական հողերի արյուն թափելու» ու «սրով իսլամական հողերն ազատագրելու» քննարկումները չեզոքացնելու տեսանկյունից։
Իսկ ընդհանրապես, Իրանի հյուսիսային նահանգների կրոնականների արձագանքները վերլուծելիս պետք է հաշվի առնել, որ տեղի բնակչության շրջանում պանթյուրքական տրամադրությունների վերահսկման տեսանկյունից սրանք կարևոր գործիք են։ Այլ կերպ ասած, փորձում են այս ուղերձների հասցեատերերին՝ ազերիախոս իրանցիների մի հատվածին, օտար գործակալների տիրույթ չմղել ու նրանց ակնկալած տեքստերը հնչեցնել երկրի ներսում։ Այս գործելաոճը թույլ կտա նաև այս տարրերի Ադրբեջանում հայտնվելու դեպքում, նրանց օգտագործել իրանական, հեղափոխական օրակարգն առաջ մղելու նպատակով։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։