Ռուսական ТАСС լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիա կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեն հանդիպի։
Համաձայն ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ Պոմպեոն Թուրքիայում է յոթ երկրներ կատարելիք տասնօրյա շրջագայության շրջանակում։ Այս երկրից բացի՝ նա լինելու է նաեւ Վրաստանում, Իսրայելում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քաթարում եւ Սաուդյան Արաբիայում։
Հանդիպման չկայացման պաշտոնական պատճառ նշվում է էրդողանի ժամանակացույցում եղած փոփոխությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, սակայն, այս «անհարթությունը» չի համարում քաղաքական ազդանշան։
«Մենք շարունակում ենք [Անկարայի հետ] աշխատել այն հարցերի շուրջ, որոնցում կան տարաձայնություններ, եւ այն հարցերի շուրջ, որոնք, մեր կարծիքով, կարեւոր են ե՛ւ մեր, ե՛ւ մյուսների համար», — ТАСС-ի հետ զրույցում նշել է պետքարտուղարության մի պաշտոնյա։