Հարավային գազային միջանցքը (SGC), որը 2017-ից ի վեր աշխարհում ամենամեծ գազային նախագիծն է, գրեթե պատրաստ է ադրբեջանական գազը եվրոպական շուկաներ առաքել, սակայն ԵՄ-Թուրքիա լարվածությունը եւ ղարաբաղյան չմարող հակամարտությունն առայժմ բարդացնում են իրավիճակը։
Ըստ գերմանական Deutsche Welle-ի անգլալեզու էջի՝ փորձագետները համակարծիք են, որ, ինչպես ԱՄՆ նախորդ երկու նախագահների՝ նորընտիր Ջո Բայդենի վարչակազմը եւս հավատարիմ կլինի Եւրոպայի էներգետիկ բազմազանությանն աջակցող այս նախագծին։
«Տրանս Ադրիատիկ Գազատարները» (TAP) Հարավային գազային միջանցքի վերջին հանգույցն է, որն ադրբեջանական գազը հույն-թուրքական սահմանից կհասցնի Իտալիա։ Ըստ TAP-ի գործադիր տնօրեն Լուկա Շքիեպատիի կանխատեսման՝ Ադրբեջանի գազը կկազմի Բուլղարիայի, Հունաստանի եւ Իտալիայի ներքին պահանջարկի համապատասխանաբար երեսուն, քսան եւ տասներկու տոկոսը։
Թուրքական Daily Sabah պարբերականը տեղեկացնում է, որ TAP-ի բաժնետերերը վեցն են՝ Բրիտիշ Փեթրոլիում, ադրբեջանական պետական SOCAR, իտալական էներգետիկ ենթակառուցվածքների Snam ընկերությունները` յուրաքանչյուրը 20% բաժնեմասով, իսկ բելգիական Fluxys-ը, իսպանական Enagas-ը, շվեյցարական Axpo-ն մնացյալ քառասուն տոկոսի տերերն են։
«TAP-ը հնարավորություն է տալիս նոր, հուսալի եւ կայուն էներգետիկ երթուղով գալիք տասնամյակներում գազի պաշարները հասցնել միլիոնավոր եվրոպացի շահառուների». թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասում է TAP-ի գործադիր տնօրեն Լուկա Շքիեպատին։