2021թվականի բյուջեի նախագծի քննարկումն Ազգային ժողովում անցավ գրեթե կիսադատարկ դահլիճում եւ տեւեց ընդամենը երկու ժամ՝ այն դեպքում, երբ նախորդ տարիներին քննարկումները մի քանի օր էին ձգվում։
Ֆինանսական գլխավոր փաստաթղթի քննարկման ժամանակ դահլիճը լքեցին «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները՝ հայտարարելով, թե արցախյան պատերազմում պարտվելուց հետո բյուջեի նախագծի փոխարեն պետք էր քննարկել վարչապետի հրաժարականի հարցը:
Զարմանալի էր, որ բացակա էին նաև իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասը: Ավելին՝ կառավարության ներկայացրած փաստաթղթի քննարկմանը չէին մասնակցում վարչապետը, փոխվարչապետերն ու նախարարները։ Նախորդ տարիներին կառավարությունը՝ գրեթե ողջ կազմով, օրեր շարունակ խորհրդարանից չէր հեռանում. պատասխանում էին ընդդիմության քննադատություններին ու հարցերին: Այս անգամ ԱԺ-ում միայն ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էր:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները զուսպ էին. Հայաստանը պարտվել է, ելույթների ու հարցերի սիրտ չունեն: Ջանջուղազյանն, այսուհանդերձ, փորձեց սթափեցնել. «պետական բյուջեն պետք է դիտարկվի որպես գործընթացի մաս, որն անխուսափելի է`անկախ տվյալ ժամանակահատվածի առանձնահատկություններից»:
Պատերազմի տնտեսական հետևանքները գնահատված չեն
Պատասխանատուներն ասում են՝ փաստաթուղթը մշակվել է անցած գարնանից, իսկ փոփոխության համար պետք են նոր ծրագրեր՝ համապատասխան հիմնավորումներով։ Դրա համար ժամանակը կարճ է, անհրաժեշտության դեպքում ընդունված բյուջեում վերաբաշխումներ կարվեն, ինչպես եղել է 2020-ին՝ կապված Covid-19-ի ու պատերազմի անխուսափելի ծախսերի հետ։
2021-ի համար հիմնական կանխատեսումներն այս տարվա նույն ցուցանիշներից զգալի ցածր են: Նախ`բավականին նվազեցված է եկամուտների չափը։ 2020-ի 1 տրիլիոն 695 մլրդ դրամի փոխարեն ամրագրված է 1 տրիլիոն 508 մլրդ դրամ։ Բայց պետք է հաշվի առնել, որ ապրիլի 29-ին համավարակի պարտադրանքով բյուջեի եկամուտները նվազեցվել էին մինչեւ 1 տրիլիոն 320 մլրդ: Այսպիսով՝ կառավարությունը հույս ունի նախորդ տարվանից ավելի շատ եկամուտ ստանալ։
Գրեթե պահպանվել է ծախսերի չափը`1 տրիլիոն 851 մլրդ: Բյուջեի դեֆիցիտը կկազմի 342 մլրդ դրամ, որը կհագեցվի հիմնականում պարտքի միջոցով: Արդյունքում պետական պարտքը համախառն ներքին արդյունքի համեմատ կհասնի 68,5 տոկոսի` գերազանցելով սահմանված 60 տոկոսի շեմը եւ մտնելով ֆորս-մաժորային տիրույթ:
Կառավարությունը կանխատեսում է, որ 2021-ին կունենա 3,2 տոկոս տնտեսական աճ, մինչ այս տարի կանխատեսվում է 7,9 տոկոս անկում: Ընդամենը մեկ շաբաթ առաջ, երբ բյուջեի նախագիծը քննարկվում էր ԱԺ մշտական հանձնաժողովներում, կառավարությունը խոսում էր 6 տոկոս անկման մասին: Ավելի վաղ` ապրիլի վերջին, երբ գործող բյուջեում փոփոխություն արվեց, նախատեսված 4,9 տոկոս աճը փոխվեց 2 տոկոս անկմամբ: Այսինքն կանխատեսումները մի մի քանի անգամ վերանայվել են դեպի վատը եւ բոլորովին չի բացառվում, որ տարեվերջին այդ ցուցանիշն ավելի մեծանա, ու ՀՀ տնտեսությունն ունենա երկնիշ` 10 տոկոսից ավելի անկում: Չմոռանանք, որ այս եւ հաջորդ տարվա տնտեսական ու բյուջետային ցուցանիշները սահմանվել են հիմնականում համավարակի ազդեցության գնահատմամբ։
Պատերազմի բացասական հետևանքներն, անկասկած, ավելի մեծ են, բայց դրա ազդեցությունը իրականում գնահատված եւ հաշվարկված չէ։ Չի բացառվում, որ կառավարությունը խուսափում կամ հետաձգում է գնահատումը՝ բացասական սպասումներ չառաջացնելու համար: Համեմատության համար հիշեցնենք, որ 2009-ի ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում Հայաստանն ունեցավ մոտ 14 տոկոս անկում:
Պարգևավճարները կպահպանվեն
Ինչպես միշտ՝ 2021-ի բյուջեի ծախսերի ամենամեծ բաժինը հասել է սոցիալական պաշտպանությանը, կենսաթոշակներին ու նպաստներին` 497,7 մլրդ դրամ: Սա 10 մլրդով ավելի է այս տարվա նույն ցուցանիշից: Մեծությամբ երկրորդ գումարը հատկացվել է ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին` 393,5 մլրդ դրամ այս տարվա 347 մլրդ դրամի փոխարեն:
Երրորդը պաշտպանության ոլորտն է 312,1 մլրդ դրամով՝ 310 մլրդի փոխարեն: Անգամ պատերազմից հետո այս ցուցանիշը գրեթե չի վերանայվել: Կրթության և առողջապահության ոլորտներին համապատասխանաբար հատկացվել է 153,4 մլրդ և 114,7 մլրդ դրամ՝ անցած տարվա 163 մլրդ և 111 մլրդի փոխարեն: Մոտ 20 միլիարդով ավելացել է պետական պարտքի սպասարկման գումարը: Հանրային իշխանության մարմինների աշխատողների աշխատավարձի ֆոնդը 2021-ի համար ծրագրված է 89 մլրդ դրամ, որը 2020-ի համեմատ աճել է 2,4 միլիարդով:
Քննադատություններից հետո էլ կառավարությունը չի չեղարկել 2021-ին պարգևավճարների համար հատկացրած 18 մլրդ 825 մլն դրամը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն ասում է, որ այդ հատկացումը նախ միանշանակ չէ, քանի որ ցանկացած գերատեսչություն ազատ է որոշելու, թե իրեն բաժին հասած պարգեւավճարն ինչ է անելու: Պատգամավորներն, օրինակ, համաճարակց հետո չեն ստացել կամ այդ գումարը հատկացրել են հրատապ այլ ծախսերի ֆինանսավորմանը: Մանուկյանը միաժամանակ գտնում է, որ այդ պարգևավճարները անհրաժեշտ են առողջապահական, ԱԻՆ և պետական համակարգի ծառայողներին, քանի որ նրանց աշխատավարձը ցածր է:
2021-ի բյուջեի նախագիծը վերադարձվեց կառավարություն՝ լրամշակման։ Այն կրկին կհանձնվի պատգամավորների դատին առաջիկա դեկտեմբերին:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։