Սեպտեմբերի 27-ից սկիզբ առած ղարաբաղյան արյունալի պատերազմի ընթացքում, Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից թերեւս ամենապասիվ վարքագիծն է դրսեւորել: Վաշինգտոնը, ադրբեջանական հարձակումից միայն օրեր անց հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում էր, թե ԱՄՆ-ն հետեւում է տեղի ունեցող զարգացումներին: Թուրք-ադրբեջանական մասշտաբային հարձակման վերաբերյալ որեւէ դիրքորոշում կամ դատապարտում չհնչեց:
Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականությունը կարելի է բնութագրել «դուրսբերում» եզրով: 2016-ից ի վեր, ԱՄՆ-ն էապես նվազեցրել է իր ներկայությունը Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Իրաքում եւ Աֆղանստանում, Սիրիայից ընդհանրապես դուրս է եկել եւ հենց այս պահին Թուրքիայից Միջերկրական ծովի հունական կղզիներ է տեղափոխում իր ռազմակայանները: Վաշինգտոնն էապես նվազեցրել է ֆինանսավորումը ՆԱՏՕ-ին, արտաքին աջակցության ծավալները եւս նվազել են:
Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ է` Թրամփի Վաշինգտոնը բացառապես ֆորմալ ներկայություն է ունեցել իշխանության գալուց ի վեր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ հայտարարություններից զատ, արցախյան կարգավորման հարցում ամերիկյան ներկայություն ըստ էության գոյություն չի ունեցել։ Մինչեւ ղարաբաղյան 3-րդ պատերազմը, ընդ որում, պատերազմի առաջին շաբաթների ընթացքում ակնհայտ էր, որ նախագահական ընտրարշավի մեջ գտնվող ԱՄՆ-ն հնարավորինս խուսափում էր ներգրավվելուց:
Տարածաշրջան ահաբեկիչներ տեղափոխելու մասին Ֆրանսիայի նախագահի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարություններից հետո միայն ամերիկյան կողմը ստիպված եղավ անդրադառնալ հարցին: Հունաստանում գտնվող պետքարտուղար Մայք Պոմպեոն ասաց, թե իրենք հետեւում են մամուլում շրջանառվող լուրերին: Այսուհանդերձ, ընդհուպ մինչեւ պատերազմի վերջին օրը ամերիկյան գործադիրը որեւէ կերպ չհաստատեց արդեն իսկ անհերքելի փաստերով հիմնավորված ահաբեկիչների առկայությունը:
Վաշինգտոնը, սակայն, ստիպված եղավ զինադադարի փորձով միջնորդական ներգրավվածություն ունենալ, ինչն առավելապես պայմանավորված էր ամերիկյան ներքաղաքական իրողություններով:
Մի կողմից ամերիկահայերի հուժկու ալիքը ստիպեց գործող նախագահին անդրադառնալ Արցախին, մյուս կողմից՝ նախագահի թեկնածու Ջո Բայդենը Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ, նախընտրական օրակարգ բերելով պատերազմը դադարեցնելու եւ խաղաղ կարգավորման անցնելու հարցում ԱՄՆ-ի ներգրավման անհրաժեշտությունը: Գործող վարչակազմի կողմից սրան չարձագանքելը ամերիկահայերի ձայների կորստից զատ, կնշանակեր նաեւ աշխարհում այդ պահին տեղի ունեցող ամենաարյունալի պատերազմում ասելիք չունենալ եւ ի վերջո դուրս մնալ տարածաշրջանում ստեղծվող ռազմաքաղաքական նոր գործընթացներից:
Ի վերջո, հոկտեմբերի 23-ին պետքարտուղար Պոմպեոն Վաշինգտոնում ընդունեց Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին: Հարկ է նշել, որ դեռեւս մինչեւ պատերազմը, հոկտեմբերի սկզբին նախատեսվում էր Հայաստանի ԱԳ նախարարի այցը Վաշինգտոն, որը բացարձակ այլ օրակարգ էր ենթադրում եւ որը հասկանալի պատճառներով չէր կարող կայանալ:
Ի սկզբանե նախարարների այցը չէր նախատեսում հրադադարի նպատակով բանակցություններ: Ենթադրվում էին հանդիպումներ ամերիկացի պաշտոնյաների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այսուհանդերձ, ամերիկյան կողմը փորձ արեց զինադադարի հասնելու հարցում իր միջնորդությունն ունենալ: Ի վերջո, Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ երկօրյա բանակցություններից հետո, հոկտեմբերի 25-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրեց, որ հրադադարի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Հայտարարություններով հանդես եկան նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղարը, պետքարտուղարությունն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Ինչպես նախորդ երկու դեպքերում, ամերիկյան այս միջնորդությունը տապալվեց հրադադարի համար սահմանված ժամից րոպեներ անց: Առավել քան ակնհայտ դարձավ, որ ռազմի դաշտում հաջողություններ ունեցող թուրք-ադրբեջանական, ահաբեկաչական հարձակումները աշխարհի ուժային որեւէ կենտրոն չի կարողանում դադարեցնել, կամ, եթե ուղիղ ասենք, ցանկություն չունի բավարար ջանք գործադրել: Դրա մասին է վկայում Վաշինգտոնի արձագանքը իր կողմից ներդրած ջանքի անարդյունք լինելուն, երբ ասվեց մոտավորապես հետեւյալը` «դե, փորձեցինք, բայց չստացվեց», ընդ որում, Թրամփի վարչակազմն անգամ ցանկություն չունեցավ արձանագրել, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը:
Այս իրողությունից օգտվեց Ջո Բայդենը եւ արդեն երկրորդ անգամ, շատերի ընկալմամբ հայամետ՝ պաշտոնական հայտարարություն տարածեց, առավել մանրամասն ընդգծելով, թե ստեղծված իրավիճակում ինչ պիտի անի ԱՄՆ-ն: Այս հայտարարությունը Բայդենի համար ընտրություններում հայկական ընտրողին շահելու նպատակ ուներ, սակայն այն հույս էր տալիս, որ ամերիկյան պետությունը եւ ոչ գործող քաղաքական թիմը կարող էր որոշակի զսպող քայլերի դիմել: Հետագա զարգացումներն ակնհայտ դարձրին, որ Թրամփն ըստ էության գործընթացն ամբողջապես զիջեց Ռուսաստանին ու Թուրքիային, այս կերպ խորացնելով ԱՄՆ-ի մեկուսացումը եւ՛ արցախյան կարգավորումից, եւ՛ հարավկովկասյան տարածաշրջանից:
Շարունակելի…
Մասնագիտությամբ արեւելագետ, հակամարտությունների վերլուծաբան։ Խառնվածքով՝ քաղաքացիական ակտիվիստ։ Հոգով՝ ստեղծարար եւ նորարար։ Վրաստանի հայալեզու Ալիք կայքի հիմնադիրն է։