Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևի օրինագիծը: Այդ մասին Թվիթերի միկրոբլոգում տեղադրած գրառմամբ հայտնել է «Հանրապետականներ» կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո Ռետայոն:
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընդունած բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն, գործադիրը դրանք ընդունում է ի գիտություն եւ պարտավոր չէ կատարել:
«Միայն Արցախի Հանրապետության անկախությունը կարող է հուսալիորեն երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու ազատությունները եւ պաշտպանել թուրքական իսլամիստական էքսպանսիայից», — գրել է Ռետայոն:
Այս առիթով Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն «Արմենպրես»-ին հայտնել է, որ նախագիծը ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր հինգ քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համընդհանուր միաձայնությունը։