«Արմենպրես»-ի թղթակից Էմմա Արդարյանը (վկայակոչելով թուրքական Demokrat Haber լրատվական կայքը) նշում է, որ լրագրող Ֆաթիհ Ալթայլըն կասկածի տակ է դրել Թուրքիայի առողջապահության նախարարության հրապարակած նոր տիպի կորոնավիրուսային վարակի (Covid-19) օրական դեպքերի թվերի հավաստիությունը:
«Վարակի բացահայտման համար ՊՇՌ թեստ հանձնած մարդկանց ավելի քան 20%-ի դրական ցուցանիշի մասին է նշվել: Եթե հաշվի առնենք, որ այսօր թեստերի քանակը 156 հազար է, ՊՇՌ թեստի դրական պատասխանները պետք է լինեն մոտ 50 հազար: Սակայն հրապարակված թիվը 3819 է։ Սա կարծես ծաղր է ողջ թուրք ժողովրդի եւ հասարակության նկատմամբ։ 3819 հիվանդի անձամբ ես եմ ճանաչում։ Մեր պետությունը այս ոչ համոզիչ պատկերով ո՞ւմ է ցանկանում խաբել և ի՞նչ է ուզում անել…»,- ասել է Ալթայլը:
Նոյեմբերի 18-ի դրությամբ Թուրքիայում պաշտոնապես գրանցվել է վարակման 4215 նոր դեպք, 116 հոգի մահացել է։ Ընդհանուր առմամբ այդ երկրում կորոնավիրուսով վարակվել է՝ 425 հազար 628 մարդ, եղել՝ 11 հազար 820 մահ։