Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Եւրոպայում նոյեմբերի 19-22-ին, իսկ Լոս Անջելեսում նոյեմբերի 26-ին կանցկացվեն հերթական հեռախոսային եւ հեռուստատեսային մարաթոնները, որոնց արդյունքը կուղղվի Արցախի և արցախցու կարիքները հոգալուն:
«Հայաստան» Հիմնադրամը հեռուստամարաթոններ սկսել է անել 1996 թվականից, երբ խնդիր էր դրված կարճ ժամանակամիջոցում կառուցելու Արցախի կյանքի ճանապարհը՝ «Գորիս-Ստեփանակերտ» մայրուղին։ Իսկ հեռախոսային մարաթոնները սկիզբ են առել 2000-ին Ֆրանսիայում։ Հաջորդ տարիներին ֆրանսահայերին են միացել Բելգիայի, Նիդերլանդների, Շվեյցարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի մեր հայրենակիցները։
Թե ԱՄՆ-ում, թե Եւրոպայում դրամահավաքի այս միջոցառումները մշտապես անցել են բարձր տրամադրությամբ՝ դառնալով հայրենիքի շենացման, մարդասիրության ու բարերարության յուրահատուկ տոներ։
Այս տարի իրավիճակը զգալիոերն տարբեր է, կան տարածքային կորուստներ, կան հազարավոր զոհեր ու վիրավորներ, բայց սփյուռքի հայությունը վստահաբար կհաղթահարի պատերազմի հարուցած ընկճվածությունը եւ առավել մեծ նվիրումով կկանգնի Արցախի ու արցախցու կողքին։