ՀՀ ՊՆ տեղեկատվության, հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մարտական հերթապահությունն առաջնագծում շարունակվում է: Զինված ուժերի զինծառայողները, պահեստազորայիններն ու հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվածները, ինչպես պատերազմի օրերին, այժմ էլ մարտական դիրքերում շարունակում են իրականացնել իրենց վերապահված գործառույթները։
Միաժամանակ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրառում է արել զինծառայողների հնարավոր արձակուրդի մասին՝ արձագանքելով զինծառայողների ծնողների, ընտանիքի անդամների բազմաթիվ դիմումներին։
«Պաշտպանության նախարարությունն անվերապահորեն բարձր է գնահատում հայոց բանակի մարտիկների անձնազոհությունն ու հերոսական պայքարը պատերազմի ողջ ընթացքում եւ գիտակցում է բարձրացված խնդրի կարեւորությունը։ Հավաստիացնում ենք, որ իրադրության լիարժեք կայունացումից հետո կարվի հնարավորը՝ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին արձակուրդ տրամադրելու հարցում». գրել է Շուշան Ստեփանյանը։
Նա հայտնել է նաեւ, որ, պայմանավորված եռակողմ հայտարարության դրույթներով՝ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերը փոխվելու են եւ նոր տեղերում անհրաժեշտ ենթակառուցվածքներ, այդ թվում նաեւ` անձնակազմի կեցության, ծառայության կազմակերպման համար հնարավորինս բարեկեցիկ պայմաններ ստեղծելու խնդիրներ կան։
Մամուլի խոսնակի գրառումից կարելի է ենթադրել, որ այս պայմաններում դեռ վաղ է խոսել արձակուրդի հնարավորություն մասին։ Անձնակազմի հանգիստն առայժմ կկազմակերպվի զորամասերի մշտական տեղակայման վայրերում, իսկ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների բուժումը կիրականացվի համապատասխան ընթացակարգով։