Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է համատեղ արձագանքեն Մերձավոր Արևելքում վերջին մի քանի ամիսների ընթացքում Թուրքիայի կողմից ձեռնարկված գործողություններին,- ֆրանսիական Le Figaro թերթին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Նա համաձայն է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն մտքին, որ Թուրքիան շատ ագրեսիվ է։ Պետքարտուղարը վկայակոչել է Թուրքիայի ռազմական քայլերը Լիբիայում ու Միջերկրական ծովում, ինչպես նաև Հայաստանի հետ հակամարտությունում՝ Ադրբեջանին աջակցելը:
«Եվրոպան եւ ԱՄՆ-ն պետք է միասին փորձեն համոզել Էրդողանին, որ նման գործողությունները չեն բխում իր իսկ ժողովրդի շահերից», — ասել է Մայք Պոմպեոն:
Մտահոգիչ համարելով Թուրքիայի ռազմական գործողությունների աճը՝ նա, սակայն, պարզ չի արտահայտվել Թուրքիայի ՆԱՏՕ-ում մնալ-չմնալու հեռանկարի մասին։