Նոյեմբերի 17-18-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ դաշնակիցների հետ կապերն ամրապնդելու համար այցելեց Վրաստան: Այցի ընթացքում նա հանդիպեց Վրաստանի պաշտոնատար անձանց՝ նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի, վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլյա Երկրորդի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
ԱՄՆ-ի պետքարտուղարության՝ Պոմպեոյի այցի մասին հայտարարությունից հետո ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Վրաստանում տարբեր վերլուծաբաններ այցը կապեցին Ղարաբաղի հակամարտության եւ նոյեմբերի 9-ի համաձայնագրով հաստատված հրադադարի հետ:
Պոմպեոյի՝ Վրաստան կատարած այցն արդեն իսկ ավարտվել է: Վրաստանում ԱՄՆ պետքարտուղարն առանձնահատուկ շեշտեց ներքաղաքական իրավիճակի կարգավորման անհրաժեշտությունը՝ ցույց տալով, որ Կովկասում Ամերիկայի դաշնակցի ներքաղաքական անկայուն իրավիճակն այնքան էլ հաճելի չէ:
Այցի մասին «Ալիք մեդիան» խոսել է Պորտուգալիայում եւ Կիպրոսում Վրաստանի գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար, նախկին դիվանագետ, GIPA (Georgan Institute Of Public Affairs) համալսարանի դասախոս Գիա Ջափարիձեի հետ:
«Պոմպեոյի այցը որոշվեց վերջին րոպեին, ինչպես հաստատում են Պետդեպարտամենտում: Ակնհայտ էր, որ այցը նախապատրաստված չէր: Դա հաստատվում է կարճատեւ հանդիպումներով. տեղի ունեցան ընդամենը 10-15 րոպեանոց դիվանագիտական ողջույններ եւ կարճատեւ խոսքի փոխանակում», — ասում է Գիա Ջափարիձեն՝ հավելելով, որ «Ղարաբաղյան իրադարձություններից հետո փոխված իրավիճակի համատեքստում, այցի փաստն ինքնին ուղերձ է բոլոր ուղղություններով, որ ամերիկյան հետաքրքրությունը Վրաստանի եւ տարածաշրջանի նկատմամբ առկա է եւ չի պակասել»:
«Ֆրանսիա-Թուրքիա-Վրաստան-Իսրայել: Սա տարածաշրջանային տուրնե չէր, սա հստակ ուղերձ էր: Նշան էր նաեւ որ ոչ թե Թուրքիա-Իսրայել, այլ Թուրքիա-Վրաստան-Իսրայել», — ասում է Գիա Ջափարիձեն եւ անդրադառնում Կովկասի ներկայիս իրավիճակին:
«Եռակողմ համաձայնագրում շատերը կարդացին, որ Կովկասը մեծավ մասամբ անցնում է ռուսական կառավարման տակ, Ռուսաստանը հստակ քայլ է արել, դե իսկ Միացյալ նահանգները ցույց է տալիս իր ներկայությունը», — ասում է դիվանագետը:
ԱՄՆ-ի հետընտրական շրջանը բնութագրող քայլերից է պետքարտուղարի կամ այլ պաշտոնյայի այցը, երբ մեկ այցով պաշտոնյան ծանոթանում է իրավիճակին, ներկայացնում դեռ գործող կառավարությանը եւ արդեն ընտրված վարչակազմին:
«Սա զեկույց էր Միացյալ նահանգների ներկայիս իշխանության եւ արդեն իսկ Բայդենի վարչակազմի համար: ԱՄՆ-ն ցույց է տալիս որ անտարբեր չէ տարածաշրջանի նկատմամբ: Հիմնականում սա բնորոշ քայլ է, երբ Միացյալ Նահանգները հստակեցնում է իր արտաքին քաղաքականությունը, պաշտպանության ոլորտը եւ հետագա ուղղությունները», — «Ալիքի» հետ զրույցում նշում է Գիա Ջափարիձեն:
ԱՄՆ պետքարտուղարը այսօր արդեն մեկնել է՝ Վրաստանում դեռեւս թողնելով իր օգնական Ֆիլիպ Ռիքերին, որն ավելի լավ է հասկանում Վրաստանի ներքաղաքական իրավիճակը: Ռիքերն արդեն հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների հետ, նախատեսվում են այլ հանդիպումներ եւս:
2017-ից «Ալիք մեդիա»-Վրաստան թիմի անդամ եմ՝ լրագրող։ Թեեւ Վրաստանի տեխնիկական համալսարանում իրավագիտություն եմ ուսումնասիրել, բայց ինձ համար հետաքրքիր են բոլոր ոլորտներն ու թեմաները։