2008 թվականի մարտի 5-ին Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակվա մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին անվանեց իր «ամենաանհաջող կադրը», ինչ է թե վերջինս համարձակվել էր քննադատել իշխանությունների, մեղմ ասած, անհամաչափ գործողությունները նույն թվականի մարտի 1-ին։ Մենք, իհարկե, զայրացանք, բայց չզարմացանք։ Քոչարյանից այլ բան սպասելի էլ չէր։
Եվ հիմա, ով զարմանք, 12 տարի հետո համարյա նույն բանն է կատարվում․ վարչապետի մամուլի խոսնակն իրեն իրավունք է վերապահում քննադատելու մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։
Մեջբերում ՀՀ Սահմանադրությունից․
Հոդված 191. Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները եւ լիազորությունները
1. Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
Այս ձեւակերպման մեջ կարեւորը «անկախ պաշտոնատար անձ» բառակապակցությունն է։ Իսկ «անկախը» ենթադրում է հենց գործադիր իշխանությունից անկախությունը։
Ի՞նչ էր պատահել։
2020 թվականի նոյեմբերի 12-ի երեկոյան Երեւանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվել էր Արցախյան պատերազմի մասնակիցներից մեկի խոսքը, որը պարունակել էր հայհոյանք ու ատելություն, բռնության ու սպանության սպառնալիք։ Դրան անմիջապես հետեւել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի միանգամայն ընդունելի եւ համահունչ քննադատությունը, որում մասնավորապես ասված է․
«Բացարձակ անթույլատրելի, դատապարտելի է Երեւանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին երեկ ուշ երեկոյան այն տեսանյութի (արտապատկերը կցված է) ցուցադրումը, որը պարունակում է հայհոյանք ու ատելություն: Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում լայն սփռումով ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ ու որով խրախուսվում է բռնությունը՝ արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով ու այն էլ դա անել այս պատասխանատու օրերին: Ինչպե՞ս կարելի է ցուցադրել նման տեսանյութ՝ ակնհայտ գիտակցելով, որ դա դիտելու են նաեւ երեխաներ ու կանայք: Ակնհայտ է, որ դա արվել է հանրային իշխանության ինչ-որ մարմնի կամ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ, որով փաստացի հրահրվում է ներքին թշնամանք»։
Եվ ահա, փոխանակ ընդունելու, որ անթույլատրելի բան է կատարվել եւ ներողություն խնդրելու, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը «Փաստինֆո» գործակալությանն ասել․ «․․․ Ես կարծում եմ, պարոն Թաթոյանը չափազանցնում է այն ինչ-որ կա՝ իրականությունը»։
Էստեղ են ասել՝ «իյա, իրո՞ք․․․»։
Իր ո՞ր գործառույթով է մամուլի խոսնակն իրեն իրավունք վերապահում գնահատելու անկախ պաշտոնյայի՝ Մարդու իրավունքների պաշտպանի միանգամայն տեղին արձագանքը։ Իբրեւ քաղաքացի Մանե Գեւորգյան, ինչպես ցանկացած ոք, կարող է այդ կարծիքին լինել, սակայն իբրեւ վարչապետի մամուլի խոսնակ դրա իրավունքը չունի, որովհետեւ դա ընկալվում է իբրեւ վարչապետի գնահատական։ Իսկ սա էլ նշանակում է անկախ պաշտոնյայի վրա ճնշում եւ նրա գործունեությանը միջամտություն, ինչն արգելված է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով։
Այդ օրենքի 10-րդ հոդվածն ասում է․
«1. Պաշտպանի գործունեությանը օրենքով չնախատեսված ցանկացած միջամտություն արգելվում է:
2. Պաշտպանին Սահմանադրությամբ եւ սույն օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը ցանկացած ձեւով խոչընդոտելը, ինչպես նաեւ Պաշտպանին սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելն առաջացնում են քրեական պատասխանատվություն»։
Վարչապետի մամուլի խոսնակի արտահայտությունը միանգամայն տեղավորվում է «անհարգալից վերբերմունք» ձեւակերպման մեջ։
Հրապարակում տեղադրված մեծ էկրանին նման բովանդակության հայտնվելը քննադատեցին նաեւ Հայաստանի տասը լրագրողական կազմակերպություններ, որոնց տարածած հայտարարության մեջ, մասնավորապես կոչ է արվում իշխանություններին՝ «հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտել ատելության, թշնամանքի եւ բռնության կոչերը հանրայնացնելու փաստերի վերաբերյալ եւ պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց, որոնք կազմակերպել եւ իրականացրել են այդ անթույլատրելի գործողությունը․․․»։
Անցել է արդեն մեկ շաբաթ, իսկ իշխանությունը արձագանքել է միայն Մանե Գեւորգյանի հիշյալ հարցազրույցով, որի շարունակությունն ավելի անընդունելի է։ Մեջբերում ենք «․․․Իսկ թե ո՞ւմ թույլտվությամբ է հեռարձակվել տեսանյութը, խոսնակն ասաց, որ թույլտվության խնդիր բացարձակ չկա. «Ամեն դեպքում խնդիրը լուծված է, էկրաններն ապամոնտաժվում են եւ վերջ»։
Էկրանները մոնտաժելով խնդիրը լուծվա՞ծ է։
Իսկ այդ անթույլատրելի բովանդակության հեռարձակման համար ոչ մեկը պատասխանատվություն չի՞ կրելու, իսկ մամուլի խոսնակը, որ ըստ էության պարտակում է այդ վայրագ բովանդակությունը տարածողներին գոնե ներողություն չի՞ խնդրելու։ Թե՞ ներողություն խնդրելը նախորդ բոլոր տարիների իշխանությունների նման թուլության նշան է դիտում։
Հարցս հռետորական չէ․․․
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։