«Le Figaro Magazine» հանդեսը հրապարակել է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների և մտավորականների կոչն ի պաշտպանություն Հայաստանի եւ Արցախի։
Կոչին միացածների թվում են աշխարհահռչակ դերասաններ Ալեն Դելոնը, Կլաուդիա Կարդինալեն, Ժան Ռենոն, Ֆանի Արդանը, Դանի Բունը, Ժուլիետ Բինոշը, Պիեռ Ռիշարը, Ժան Դյուժարդենը, ճանաչված մտավորականներ Ժակ Աթալին, Բեռնար-Անրի Լևին, համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորներ Կոստա-Գավրասը, Կլոդ Լելուշը, Միշել Հազանավիչուսը, նշանավոր հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը եւ աշխարհառչակ խոհարար Ալեն Դյուկասը։
Մշակութային գործիչներն ու մտավորականները նշել են, որ մարդկային արժանապատվությունից զուրկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիան եւ Իլհամ Ալիեւի Ադրբեջանը կատաղի հարձակում են գործել արցախահայերի դեմ՝ նրանց օրինական ձգտումը փոշիացնելու համար։
«Հայերի համար Լեռնային Ղարաբաղը նախ եւ առաջ ժողովուրդ է՝ իր բազմադարյա մշակույթով, երաժշտությամբ, պարարվեստով, որը ցանկանում է աշխարհի քայլքին միանալ եւ ազատվել իրեն պարտադրված անկլավային կարգավիճակից։ Իսկ Բաքվի և Անկարայի իշխանությունների համար Արցախը սոսկ տարածք է, որտեղ պետք է ամեն գնով ծածանվի Ադրբեջանի դրոշը». ասված է ֆրանսահայ մտավորականների կոչում։