Ադրբեջանի հաջողությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում նշանակում է, որ Պուտինի խաղաղության գործարքը կարող է տեւական լինել: Այն նաեւ բացառում է դիվանագիտական հետագա հնարավորությունները:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած հրադադարի պայմանագիրը շատ ավելին էր, քան սոսկ ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակ: Փաստորեն, այն ընդգրկում էր խաղաղություն ապահովող տարրեր, սակայն այդ ամենից բացահայտ հաղթանակած դուրս եկավ Ադրբեջանը:
Հայկական անկլավ, բայց պաշտոնապես Ադրբեջանի տարածք համարվող Լեռնային Ղարաբաղում եւ նրա մերձակայքում, ավելի քան վեց շաբաթ տեւած պատերազմից հետո, մեծ գործընթացներ կան:
Կողմերը փոխանակում են գերիների, պատերազմում զոհվածների դիեր, հայկական ուժերը դուրս են գալիս նույնիսկ մարտերում չկորցրած տարածքներից, տարածաշրջան ժամանած ռուս խաղաղապահներն առնվազն հինգ տարի պաշտպանելու են այն միջանցքը, որը կապում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Գործարքը նախատեսում է նաեւ երկրորդ միջանցք բացել Ադրբեջանի եւ իր մյուս անկլավի՝ Նախիջեւանի միջեւ:
Որքա՞ն կտեւի մասնակի այս խաղաղությունը
Քանի որ մարտերի ընթացքում ձախողվել են հրադադարի պահպանմանն ուղղված բազմաթիվ պայմանավորվածություններն, այս մեկի նկատմամբ հոռետեսությունը հասկանալի է: Բայց կան պատճառներ կարծելու, որ այն երկար կտեւի:
Ռուսաստանի ռազմական ներկայությունը
Երկու հազար խաղաղապահների տարածքում լինելու պարագայում, նախագահ Ալիեւի կողմից չափազանց անմիտ կլինի նոր հարձակման հրաման տալը՝ գիտակցելով որ իր ուժերը կարող են ի վերջո կռվել ռուսական զորքի դեմ: Պուտինը հոկտեմբերին հստակ ասել էր, որ Ռուսաստանը կմիջամտի միայն այն դեպքում, երբ կարիք ունենա պաշտպանելու իր պայմանագրային դաշնակից Հայաստանին: Բայց հիմա, [Լեռնային Ղարաբաղում] ռուսական ուժերի ներկայությամբ հեշտ չի լինի ռազմական գործողություններ վերսկսելը: (Պետք է նշել նաեւ, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Ադրբեջանը չի կարող պահանջել խաղաղապահների շուտափույթ հեռացում։)
Ադրբեջանի հաղթանակի մասշտաբները
Ռազմական հաջողությամբ Ալիեւը ստացել է առավելագույնը: Նա ձեռք է բերել Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական բոլոր տարածքները, բացի Լեռնային Ղարաբաղից եւ հնարավոր է դարձրել հարյուր հազարավոր փախստականների վերադարձը: Ադրբեջանը հետ է վերցրել նաեւ Շուշան (Շուշին)՝ Լեռնային Ղարաբաղի այն քաղաքը, որը երեսուն տարի առաջ ուներ ամենամեծ ադրբեջանական բնակչությունը: Ալիեւի համար սա կես ճանապարհի հաջողություն չէ. հսկայական հաղթանակ է:
Վերադարձի նվազում եւ ռիսկի բարձրացում
Ադրբեջանի համար շատ ավելի մեծ խնդիր կլինի, եթե մտածի դուրս գալ այս հաղթանակի շրջանակներից ու փորձի վերանվաճել Լեռնային Ղարաբաղը, նույնիսկ եթե հնարավոր լինի խուսափել ռուսական զորքի առկայությունից:
Ենթադրաբար, Հայաստանի ռազմական ղեկավարությունն ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղը ամրապնդելու համար: Եվ քանի որ անկլավում մնացած բնակչությունը գրեթե ամբողջությամբ հայ է, այն վերադարձնելու դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի ընտրություն կատարել էթնիկ զտումների եւ բռնի օկուպացիայի միջեւ:
Կարո՞ղ է դիվանագիտությունը ամրապնդել խաղաղությունը
Նույնիսկ եթե նոյեմբերի 9-ի հրադադարը պահպանվի, հետագայում դժվար թե լինեն լուրջ դիվանագիտական փուլեր: Ե՛վ Հայաստանում, եւ՛ Ադրբեջանում ներքաղաքական տրամադրությունները հավանաբար կկասեցնեն վերջնական կարգավորման ցանկացած ջանք:
Նախկինում օկուպացված տարածքները վերադարձնելու մասին մտածելիս՝ Ադրբեջանը համաձայն էր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը միանգամից չմերժել, եթե անգամ այն հանգեցներ Լեռնային Ղարաբաղի կորստին։ Բայց հիմա հաղթանակի հրճվանքն անհնար է դարձնում Լեռնային Ղարաբաղին ինքնորոշման թույլտվություն տալը։ «Ինչպե՞ս կարող ենք արդարացնել Հայաստանին արվող նոր զիջումները». կհարցնեն ադրբեջանցի պաշտոնյաները: Ալիեւը հրապարակավ բացառել է Լեռնային Ղարաբաղի համար «ինքնավար կարգավիճակի» հնարավորությունը, քանի դեռ ինքն է նախագահը:
Հայաստանի համար պարտության հետ հաշտվելը կնշանակի բուռն եւ հուզական քաղաքական պայքար: Հանկարծակի անհետացել են այն լծակները, որոնք ժամանակին Ադրբեջանին պարտավորեցնում էին լուրջ վերաբերվել բանակցություններին: Ոմանք կարող են հարցնել, թե ինչպես է վատնվել դիվանագիտական հսկայական հնարավորությունը. ոմանք նույնիսկ կարող են հարցնել, թե կա՞ այլ բան, որ տրվի Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը զիջելու դիմաց: (Ալիեւի հետաքրքրությունը Նախիջեւան տանող միջանցքի նկատմամբ, ակնարկում է մեկ հավանականություն):
Բայց Հայաստանի ներքին բանավեճի գերակա թեման այլ կլինի: Դա լինելու է ռազմական պարտության պատճառները գտնելը, նախատելը նոյեմբերի 9-ի պայմանագիրը բանակցած անձանց (արտգործնախարարն արդեն հրաժարական է տվել) եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական համակարգը վերակառուցելը: Նույնիսկ եթե կառավարությանը հաջողվի գոյատեւել, այն Ադրբեջանի հետ բանակցելու որեւէ խթան չի ունենա։
Լեռնային Ղարաբաղը տասնամյակներ շարունակ ռուսական ծայրագավառի, այսպես կոչված, սառեցված հակամարտություններից մեկն էր: Կարճատեւ եւ անսպասելի թեժացումից հետո, գրեթե հաստատ է, որ այն կրկին կսառեցվի:
Սթիվեն Սեստանովիչ
ԱՄՆ Արտաքին հարաբերությունների Խորհրդի (CFR) փորձագետ
Հոդվածը հրապարակվել է CFR-ի կայքում