Վերլուծաբանները զգուշացնում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինադադարն առանց համապարփակ համաձայնագրի կարող է երկար չպահպանվել։
Մոսկվայի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրով Լեռնային Ղարաբաղի պատերազմն այժմ ավարտվել է, իսկ կորուստները դեռ պետք է գնահատվեն: Դրա արձագանքները երեւում են ճանապարհի մի հատվածում զոհված տասնյակ հայ զինծառայողներին ցուցադրող տեսանյութերում եւ ադրբեջանցի զինվորների կողմից TikTok-ում տեղադրված տեսահոլովակներում։ Նրանք նստած են էթնիկ հայերի լքված տներում, որտեղ դեռ մնացել են հին ընտանեկան լուսանկարներ, հագուստ, ցրված մետաղադրամներ եւ կոկիկ ապակե պահարաններ` հայկական կոնյակների շշերով:
Դեռ խորհրդային ժամանակներից սկիզբ առած ավելի քան 30-ամյա հակամարտության մեջ ինչպե՞ս է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնվել հիմնական միջնորդի դերում: Ռուսական ռազմական ներկայությունն ամրապնդում է Կրեմլի այն տեսակետը, թե իր ազդեցության ոլորտում են գտնվում նախկին խորհրդային երկրներ Ադրբեջանն ու Հայաստանը: Դա նաեւ մեկ այլ հակակշիռ է աշխարհաքաղաքական մրցակցին ՝ Թուրքիային, որն Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է եւ Կասպից ծովի նավթի ու գազի հիմնական գնորդը:
Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին վճռական նշանակություն ունեցավ, բայց Պուտինը կարողացավ սահմանափակել Թուրքիայի հավակնությունները՝ Լեռնային Ղարաբաղ ուղարկելով սեփական խաղաղապահներ: Փոխարենը Թուրքիան էլ խաղաղապահներ կուղարկի Ադրբեջան՝ Ռուսաստանի հետ համատեղ մասնակցելու դիտարկման կենտրոնի գործողություններին:
«Ռուսաստանի արածը ոչ այլ ինչ է, քան հաղթանակների կոդավորում հենց տեղում». ասում է Սթենֆորդի համալսարանի Ֆրիման Սպոգլիի միջազգային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Մայքլ Մաքֆոլը: «Ուզեք, թե չուզեք, այս համաձայնագիրն իսկական դիվանագիտական հաղթանակ է Վլադիմիր Պուտինի համար եւ թույլ է տալիս նրան խաղալ խաղաղապահի դեր»:
Անկայուն զինադադար
Բայց գործարքը չի լուծում 1990-ին պատերազմ հարուցած խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Առանց համապարփակ խաղաղության համաձայնագրի, զինադադարը կարող է երկարաժամկետ հեռանկար չունենալ. զգուշացնում են վերլուծաբանները:
Ռուսաստանը նոր մարդ չէ հակամարտության գոտիներում, ինչպես, օրինակ՝ Սիրիայում եւ Ուկրաինայի արեւելքում, Լիբիայում, որտեղ ռուս վարձկանները կռվում էին լիբիացի հրամանատար Խալիֆա Հիֆտերի կողքին:
«Ես կվարանեմ այն անվանել խաղաղության գործարք», — ասում է Չետհամ Հաուսի Կովկասի գծով փորձագետ Լորենս Բրոյերսը՝ մատնանշելով Պուտինի ինը կետանոց ոչ լիարժեք համաձայնագիրը: «Լեռնային Ղարաբաղի հիմնական հարցը՝ կողմերի միջեւ վիճարկվող տարածաշրջանային խնդիրը, փաստաթղթում անգամ նշված չէ: Այնպես որ, դա իրականում հիմք չէ հակամարտության երկարաժամկետ լուծման համար»:
Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը բացառապես կախված է ռուս խաղաղապահներից, իսկ հինգ տարի անց Ադրբեջանը կարող է վետո դնել նրանց ներկայության վրա (Հայաստանը նույնպես ունի վետոյի իրավունք):
«Հայերը խաղում էին մի շատ զգուշավոր խաղ, հատկապես 2018-ի հեղափոխությունից հետո` մտածելով, որ իրենց կողմն են եւ՛ ռուսները, եւ՛ ամերիկացիները»: Ըստ Մաքֆոլի՝ երբ ցնցում տեղի ունեցավ, նրանք ոչ մեկը չունեին:
«Ահա թե ինչ է պատահում, երբ ԱՄՆ դեսպանատան կողմից աջակցվող ոչ համակարգային ընդդիմադիրը ստանում է իշխանություն». Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում ասում է ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն: «Գունավոր հեղափոխությունը երբեք օգուտ չի բերում ոչ մի տեղ, ոչ մի երկրում: Գունավոր հեղափոխությունները հանգեցնում են պետության փլուզման: Եվ սա դաս է հետխորհրդային տարածքների համար»:
Միացյալ Նահանգները AWOL*
Վեցշաբաթյա այս պատերազմը հարվածեց 1994-ին Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարած ռազմական հաղթանակին, եւ թուլացրեց Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հարցով հետագա ցանկացած բանակցություններում:
Հայաստանում վրդովմունքի ու դժգոհության զգացումը առաջիկա տարիներին դեռ չի մարի, ինչը հետագա անկայունության աղբյուր կարող է լինել: Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններն առաջարկում են փորձել նահանջել գործարքից, որն անշուշտ անիրատեսական է, մինչդեռ Պուտինն անցած երեքշաբթի «Ռոսիա-24» -ին ասաց, որ դա «ինքնասպանություն կլինի»:
«Ռուսաստանի համար երկարաժամկետ նպատակ է պահպանել ազդեցությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա: Եվ դրան հասնելու համար նա ստիպված է լինելու երկուսի վրա էլ տարբեր հնարքներ բանեցնել՝ կանխարգելելու հետագա հակամարտությունը», — ասում է Լոուրենս Բրոյերսը:
«Ինձ համար զարմանալի էր այն, որ Մինսկի խումբն ամբողջովին AWOL էր: Կարծես գոյություն չուներ», — ասում է Մաքֆոլը, որը Բարաք Օբամայի օրոք ԱՄՆ դեսպանն էր Մոսկվայում: «Եվ ինձ համար դա նախ եւ առաջ նշանակում է, որ Միացյալ Նահանգներն էր AWOL:
AWOL — (absent without official leave)- ծառայությունից առանց պաշտոնական թույլտվության բացակայել
Ռոբին Դիքսոն
The Washington Post