«Զինվորների ապահովագրության հիմնադրամը» սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով զոհվածների 104 ընտանիքի արդեն հատուցում է տրամադրել,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը:
Նա տեղեկացրել է, որ զոհվածի ոչ մի ընտանիք չի անտեսվի եւ դուրս չի մնա ծրագրից՝ անկախ նրանից ե՞րբ կդիմի հատուցում ստանալու համար՝ այսօր, թե՞ մի քանի տարի հետո։ Հիմնադրամի շահառուներ են համարվում զոհվածի կամ անհայտ կորածների ծնողները, ամուսինները, երեխաները։
Հատուցման դանդաղ ընթացքն, ըստ հիմնադրամի տնօրենի՝ կապված է փաստաթղթային բազայի ստեղծման հետ։ «Ընտանեկան, ծնողական, ամուսնական կապերը պետք է հաստատվեն, եւ դրա համար նախապես անհրաժեշտ է հավաքել համապատասխան փաստաթղթային փաթեթ». ասել է Վարուժան Ավետիքյանը։
Այս գործը հանձնարարվել է մարզպետարաններին ու տեղական ինքնակառավարման մարմիններին եւ եթե անգամ ընտանիքը չդիմի, ՏԻՄ-երն իրենք կգտնեն շահառուներին։ Հիմնադրամն այս պահին զբաղվում է միայն զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տալով։ Վիրավորներն ու անհետ կորածները կդիտարկվեն ավելի ուշ։
Շահառուներին հիմնադրամի կողմից տրամադրվող աջակցությունը եւ՛ միանվագ է, եւ՛ շարունակական: Զոհված, առաջին կարգի հաշմանդամ դարձած կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է միանվագ 10 մլն դրամի հատուցում: Այնուհետեւ 20 տարի շարունակ յուրաքաչյուր ամիս կվճարվի 200-300 հազար դրամ: Գումարի տաբերությունը պայմանավորված է զինվորականի ունեցած աստիճանով: Հաշմանդամություն ունեցող շահառուի գումարը կկիսվի. միանվագը կլինի 5 մլն դրամ, ամսականը՝ 100-200 հազար դրամ: Երեք եւ ավելի երեխա ունեցող զինծառայողներին լրացուցիչ կվճարվի 100 հազար դրամ: