Պատերազմի արդյունքում տեղահանվել եւ Հայաստան են եկել շուրջ 95 հազար արցախցիներ։ Հրադադարի հաստատումից հետո վերադարձել է ընդամենը 5-6 հազարը։ Այսինքն գերակշիռ մասը՝ մոտ 90 հազար, դեռ Հայաստանում են։ Ընդ որում 5 հազար ընտանիք կամ մոտ 34 հազար մարդ Ադրբեջանի կողմից զավթված տարածքների բնակիչներն են։ Հայտնի է, որ այս պատերազմի արդյունքում Ադրբեջանին է անցել 121 բնակավայր։
Պատերազմի սկզբից մինչ օրս Հայաստանի քաղաքացիներն ու սփյուռքի մեր հայրենակիցները գումարով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով օգնել են տեղահանված արցախցիներին։ Իսկ պետական կառույցները, մասնավորապես՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը մասամբ համակարգել են այդ օգության բաշխումը։
Տեղահանվածների մեծ մասի համար Հայաստանի ու Արցախի կառավարություններն արդեն իսկ աջակցության տարբեր ծրագրեր են սկսել։ Որոշվել է փոխհատուցել նրանց ժամանակավոր կացարանների վարձավճարները՝ թե՛ այստեղ, թե՛ Արցախում, ինչպես նաեւ յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել լրացուցիչ 15 հազարական դրամ կոմունալ վճարումների համար։ Բացի այդ՝ յուրաքանչյուր արցախցու կհատկացվի 68 հազարական դրամ օգնություն։ Նոյեմբերի 23-ից սկսվել է այս աջակցության համար դիմումների ընդունումը։
Դրամական օգնություն, սակայն, ոչ բոլոր արցախցիները կստանան՝ ծրագրի շահառու չեն կարող դառնալ այն քաղաքացիները, որոնք 2020-ի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ են ստացել Հայաստանում կամ այստեղ հաշվառված են եղել որպես անհատ ձեռնարկատեր: Դիմել չեն կարող նաեւ 18-58 տարեկան տղամարդիկ, բացառությամբ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում եւ Հայաստանում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբում չկարողացան պատասխանել, թե այս պահի դրությամբ քանի արցախցու պետք է տրամադրվի միանվագ այս աջակցությունը, եւ ընդհանուր որքան գումարի մասին է խոսքը։ Ասացին միայն, որ դիմումների ընդունումից հետո կամփոփեն տվյալները։
Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի եւ Մարտունու շրջանների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 121 բնակավայրերից տեղահանված յուրաքանչյուր հայրենակցի տրամադրվելու է 300 հազար դրամ միանվագ աջակցություն։ Կառավարությունն այս ծրագիրն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաքի շրջանակներում հանգանակված միջոցներով։
«Աջակցություն են ստանալու նախնական գնահատմամբ 30-35 հազար արցախցի, աջակցության ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 10 մլրդ դրամ»,- նշված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
Այսօր ֆինանսների նախարարությունը եւս պարզաբանում ներկայացրեց, որ հիմնադրամի հավաքած ավելի քան 170 մլն դոլարից մոտ 52 մլրդ դրամը կամ մոտ 100 մլն դոլարը փոխանցել է կառավարությանը։
Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հերիքնազ Տիգրանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծրագրերը կշարունակվեն, եւ կլինեն նորերը, որոնք կվերաբերվեն նաեւ Արցախ վերադարձողներին։ «Առաջին հերթին կվերադառնան այն արցախցիները, որոնց տները մնացել են անվնաս կամ քիչ են վնասվել եւ կարող են շուտ վերականգնվել։ Միաժամանակ պետք է Արցախում շատ արագ իրականացնել քաղաքաշինական ծրագրեր։ Գուցե վրանային ավաններ ստեղծվեն այն մարդկանց համար, որոնք ուզում են վերադառնալ, բայց տուն չունեն կամ թեթեւ կոնստրուկցաներից տներ կառուցվեն»։
Ըստ Տիգրանյանի՝ Հայաստանն այս ծրագրերն առաջին հերթին կֆինանսավորի պետբյուջեի միջոցներով։ Բացի այդ՝ կդիմի միջազգային կազմակերպություններին պատերազմի գոտում աջակցության դրամաշնորհներ ստանալու եւ վերականգնողական ծրագրեր իրականացնելու համար։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։