Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության վրա Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով հազարավոր արցախահայեր ստիպված եղան ապաստան փնտրել Հայաստանում: Ոմանք տեղ գտան բարեկամների տներում, ոմանք տներ վարձեցին, ոմանք էլ, Հարությունյանների նման, ստիպված էին մի քանի օր փողոցում՝ մեքենայի մեջ քնել ու զարթնել, մինչ կկարողանային հյուրընկալ ընտանիք գտնել:
Արմեն եւ Ռոզա Հարությունյանների ընտանիքը Ստեփանակերտից է, այժմ ամուսինները Լոռու մարզի Տաշիր քաղաքում են բնակվում։ Թոռների մի մասը՝ նույն մարզի Ձորամուտ գյուղում են, մյուսները՝ Երեւանում:
Արմեն Հարությունյանը պատմում է պատերազմի սկզբի ու իրենց՝ Հայաստան փախչելու մասին. «Սեպտեմբերի 27-ին առավոտյան ժամը յոթին իմ մեքենայով դուրս եկա տանից: Ստեփանակերտից տասը կիլոմետր հեռավորության վրա Այգեստան գյուղ կա: Այգեստանի միջով անցնելիս պայթյուններ լսեցի, որոնք նման էին Քառօրյա պատերազմի պայթյուններին, զինավարժությունների պայթյուններ չէին: Այգեստանից դուրս եկա, մեքենան կանգնեցրի ու հեռվում տեսա, որ անօդաչու թռչող սարքերը մեր ՀՕՊ կայանին էին հարվածել: Չորս կողմս պայթյուններ էին: Հասկացա, որ պատերազմ է սկսվել: Մեքենան շրջեցի, որ տուն գնամ, մի ԱԹՍ էլ այդ կողմը գցեցին, մեքենաս մի քիչ վնասվեց: Հասա քաղաք, արդեն բոլորը պատերազմից էին խոսում, թշնամին անընդհատ հրթիռակոծում էր, թիրախավորում էին տարբեր օբյեկտներ, տներ, առաջնագծում րոպեում երեւի հարյուրավոր ԱԹՍ-ներ էին գցում: Ովքեր ապաստարաններ ունեին, այնտեղ էին մտնում: Մենք առանձնատանն ենք ապրում, մտանք լոգարան, չնայած այնտեղ էլ անվտանգ չէր: Երկու-երեք օր այդպես մնացինք: Հետո, երբ Ստեփանակերտին սմերչով հարվածեցին, արդեն շատ վտանգավոր էր: Սկսվեց մարդկանց տարհանումը դեպի Ստեփանակերտի մոտակա գյուղեր կամ Հայաստան: Մենք էլ մի գիշեր Քարին տակ գյուղում անցկացրինք, հետո տեսանք, որ վտանգը մեծանում է, Շուշիի շրջակայքն էին հրթիռակոծում: Հոկտեմբերի վեցին թոռներիս բերեցի Հայաստան, Նոր Գյուղ, հետո այնտեղից աղջկաս երեխաներին տարա Երեւան, տղայիս երեխաներին էլ բերեցի Ձորամուտ: Նրանց որպես օգնություն ապրելու տեղ են տրամադրել»:
Թե ինչպես են պարոն Արմենն ու տիկին Ռոզան ապրելու տեղ գտել Տաշիրում, պատմում է տիկին Նինին, ում տանը հիմա նրանք ապրում են. «Արմենն ու Ռոզան մի քանի օր փողոցներում`մեքենայի մեջ են ապրել, քշել են այստեղից այնտեղ, գիշերել գազալցակայանների մոտակայքում: Երբ առանց նպատակակետի քշելով հասել են մեր տան մոտ, մեքենայի անիվը փչացել է: Մի կնոջ են կանգնեցրել ու հարցրել՝ մոտակայքում վարձով տուն չկա՞: Այդ կինն էլ, որն ինձ ճանաչում է, եկավ ինձ հարցնելու`մտածելով, որ ես կիմանամ: Դե, ես էլ ասացի, որ վարձով տուն փնտրելու կարիք չկա, կարող են իմ տանը մնալ, ինչքան որ հարկավոր լինի»:
Հարությունյանները պատրաստվում են նոյեմբերի 25-ին տուն վերադառնալ: Տեղեկացել են, որ Ստեփանակերտի այդ հատվածը չի ռմբակոծվել եւ իրենց տունը, բարեբախտաբար, վնասված չէ: