«Երբ արդեն տասն օր մեր տղայից լուր չունեինք, սկսեցինք նրա մասին հարցուփորձ անել տարբեր մարդկանցից ու նրան փնտրել ամենուր»,-պատմում է տիկին Հայարփին, որի որդին`Տիգրան Բարսեղյանը, անհետ կորած է: Վերջին անգամ նրա հետ զրուցել են հոկտեմբերի 4-ին:
2000 թվականին ծնված Տիգրանը Լոռու մարզի Սարչապետ գյուղից է: Ծառայությունը սկսել է Արմավիրի ուսումնական զորամասից, այնուհետեւ տեղափոխվել Արցախի Հանրապետության Կուբաթլուի շրջան։ Ծառայել է տանկային գումարտակում։ Այս տարվա հունվարին արդեն պիտի զորացրվեր:
Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմի ընթացքում տեղափոխվել է Ջրական (Ջաբրայիլ), սակայն, ինչպես մայրն է նշում, իրենց այդ մասին չի ասել, որ չանհանգստանան։ Հետո ծառայակից ընկերներից են իմացել, որ եղել է Ջրականում:
«Տիգրանի ընկերները մեզ պատմեցին, որ Ջաբրայիլի վրա հակառակորդի դիվերսիոն հարձակում է եղել, իրենք փախել են: Դրանից հետո մի մասի դիերն են գտել, մի մասը վիրավոր է եղել, իսկ Տիգրանից ու եւս վեց հոգուց ընդհանրապես տեղյակ չեն». պատմում է տիկին Հայարփին։
Տիգրանին գտնելու համար ծնողները դիմել են Պաշտպանության նախարարություն: Այնտեղից ընդամենը իմացել են, որ իրենց որդին անհետ կորածների ցուցակում է: Որեւէ տեղեկեկություն ստանալ հնարավոր չի եղել տեղեկատվական կենտրոններից: Տիգրանի մասին տեղեկություն չի կարողացել հաղորդել նաեւ նրա հրամանատարը:
Տղային փնտրել են Երեւանի բոլոր հիվանդանոցներում ու նաեւ մարզերի այն հիվանդանոցներում, որտեղ եղել են անհայտ ինքնությամբ զինվորներ: Այսուհանդերձ՝ ընտանիքը, բարեկամները, բոլոր ծանոթներն ու ընկերները հույսով սպասում են Տիգրանի վերադարձին:
Հավելենք, որ օրեր առաջ տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հայկական կողմը մի քանի հարյուր անհետ կորած զինվոր ունի՝ Ճշգրիտ թիվ չնշելով։
Տիգրանի մասին որեւէ լուր ունենալու դեպքում կարող եք զանգահարել` 098-810818: