Ժամանակակից անեկդոտ․
— Հայրի՛կ, ինչո՞ւ են բոլոր հեքիաթները սկսվում «Լինում է, չի լինում․․․» բառերով։
— Տղաս, էդ հնում էր։ Հիմա բոլոր հեքիաթները սկսվում են «Եթե դուք ինձ ընտրեք․․․» բառերով։
Տափակ բան ասեմ. խոսքը արժեզրկվել է։
Մանավանդ՝ երբ ամեն ոք, որ նախկինում «քուչում», կամ «բեսեդկում», կամ իր խոհանոցում էր արտահայտվում, հիմա կարող է սրտի ուզածը գրել համացանցում եւ ստանալ ամենաքիչը «ապրես, ախպերըըըըըս, հզոոոոոոր ես» մեկնաբանություն․․․ Արդեն ուշունցներ կարդալուց քչերն են զարմանում-բարկանում-արձագանքում։ Ո՞ր մեկին արձագանքես։
Եվ հանրային դեգրադացիայի ամենամեծ ցուցիչներից մեկը. քաղաքական գործիչը կառավարության եւ վարչապետի հրաժարականի պահանջով միտինգում հայտարարում է, թե իրենք գալու են իշխանության ու համերաշխություն են հաստատելու, ոչ մեկին իր կարծիքի համար չեն հետապնդելու, եւ անմիջապես էլ նա կամ նրան հաջորդող հռետորը ծախվածներ, դավաճաններ եւ նման այլ բառեր է ուղղում կառավարությանն աջակցողների, այսինքն՝ այլ կարծիք ունեցողի հասցեին։
Բայց դա մենք արդեն անցել ենք. 2018-ի ապրիլին էլ հայտարարվում էր սիրո եւ հանդուրժողականության մասին։ Սակայն իշխանության գալուց հետո շրջանառության մեջ դրվեցին «սեւ եւ սպիտակ», «պատերի տակ վնգստացողներ» եւ այլ պիտակներ։
Դա անցել ենք։ Բայց հիմա՞ էլ հավատանք այն քաղաքական կամ հասարակական գործչին, որն ասում է. «Հասկանու՞մ եք՝ էս բաստարդներն իրենց անասուն հալով մի ողջ ժողովրդի անասունի տեղ են դրել» (հղումը չեմ տալիս, որ ակամա չգովազդեմ հեղինակին)։ Էսպես խոսողն իշխանություն ստանալուց հետո ի՞նչ է անելու։
Մեջբերում երջանկահիշատակ Եփրեմյան Վաչոյի «Պարականոն քրեստոմատիայից»․
«Մերժելիս անկիրթ ենք, պիտակ կպցնելիս՝ հատուկ նախանձախնդիր։ Ի՜նչ էլ բառեր են ընտրվում, ի՜նչ հեշտությամբ նետվում։ Բառը թաշկինակ չի որ արժանավոր-անարժան ճմրթի, քիթը մաքրի, բերնին կպցնի, պաշտոն չի՝ դեմը ողնաշար թեքես, կուսակցություն չի, որ պատեհ-անպատեհ մտնես-դուրս գաս-փոխես-ներկես։ Ամենավրիժառու բանն է, սխալ տեղից դուրս եկավ, սխալ հասցեով ուղարկեցիր, բումերանգի պես ետ է գալու ու էնպես է շրխկացնելու քիթ ու բերնիդ, որ հորդ հարսանիքն ես հիշելու։ Նախապապիդ ապահարզանն էլ հետը»։
Այսօր, հենց այսօր, հենց հիմա իշխանության քիթուբերնին բումերանգի նման շրխկացնում են իրենց իսկ նետած արտահայտությունները եւ շրխկացնում են առավել անհանդուրժողական, առավել վիրավորական այնպիսի բառերով, որոնք ես չեմ համարձակվի անգամ արտաբերել մի քանի մարդու ներկայությամբ, էլ ուր մնաց թե գրեմ անսահմանափակ լսարանի համար հասանելի հոդվածում։
Իշխանությունն էլ յուղ է լցնում կրակի վրա, երբ ակնհայտորեն միայն կարծիք արտահայտելու, կառավարությանը քննադատելու համար շինծու հետապնդումներ է իրականցնում՝ քաղհալածյալներ կերտելով տարբեր տրամաչափի գործիչներից։
Բայց միայն պիտակներով չի, որ իմ պատկերացրած հեղափոխության հեքիաթը վախճանվեց։ Այդ վախճանի վերջնական արտահայտությունը ՀՀ ԱԺ փոխնախագահի բարձր պաշտոնը զբաղեցնող տիկնոջ` Լենա Նազարյանի արած հայտարարությունն էր «Առավոտին» տված հարցազրույցում (ներողություն եմ խնդրում ընդարձակ մեջբերման համար).
«2014-2015 թվականներին արդեն կար միջազգային կոնսենսուս, այդ թվում նաեւ Ռուսաստանի համաձայնությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն: Կար միանշանակ կոնսենսուս, որը այլեւս փոփոխման ենթակա չէր, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ արդեն աշխատել էր եւ ի վերջո ինչ-որ արդյունք պետք է ներկայացներ: Դա որպես արդյունք որոշել էին ներկայացնել: Բնականաբար, նախկին իշխանությունները շատ լավ տեղյակ էին այդ որոշման մասին եւ ընտրել էին ստատուս քվոն անվերջ ձգելու մարտավարությունը: Բայց հասկանալի է, որ անվերջ ձգել հնարավոր չէ: Եվ երբ որ հեղափոխությունը տեղի ունեցավ, մենք եկանք իշխանության, առաջին մեղադրանքը, որ հնչում էր, դա այսպես ասած «հող հանձնողն» էր: Անկեղծորեն, ինձ համար անհասկանալի էր՝ որտեղի՞ց է այդ մեղադրանքի հիմքը, երբ քաղաքական թիմից ոչ մեկը բառ անգամ չէր խոսել դրա մասին: Բայց մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու եւ իրենց այդ հեռատեսությունը հենց դա էր նշանակում»:
Վերջ։ Ամեն ինչ պարզ է. hեղափոխություն չի եղել։ Պարզապես «նախկին հանցավոր իշխանությունը», պատասխանատվությունն իր վրայից գցելու համար, հատուկ սցենարով իշխանությունը հանձնել է «հեղափոխական նորերին»՝ նրանց վարկաբեկելու համար։
Լսո՞ւմ եք հազարավորներ, դուք իզուր էլ 2018-ին միտինգի էիք գնում: Գնայիք, թե չգնայիք՝ մեկ է, Սերժ Սարգսյանն արդեն որոշել էր, որ իշխանությունը տալու է Նիկոլ Փաշինյանին՝ հեռահար նպատակ ունենակով Հայաստանի պարտվելու գնով նրան հռչակել «դավաճան»…
Եվ սա ասում է ԱԺ փոխնախագահը։
Հեղափոխության հեքիաթը սպանվեց վերջնականապես։
Եվ էլի խոսքը՝ անհեթեթ ու չկռշադատված խոսքը, բումերանգի նման հետհարվածով շրխկացրեց խոսողին ու նրա ներկայացրած քաղաքական ուժին…
«Ափսոս էր երեխան»,- կասեր Վանոն։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։