Ըստ խորվաթական Geopolitika.news կայքի, աշխարհի տարակուսած հայացքի ներքո Ռուսաստանն ու Թուրքիան սահմանում են նոր աշխարհի ճարտարապետությունը:
Ղարաբաղյան հակամարտության սկզբից ի վեր Ռուսաստանին զարմացրել է բոլոր (քաղաքական, դիվանագիտական ու ռազմական) ոլորտներում Ադրբեջանին աջակցելու՝ Թուրքիայի հետեւողականությունը:
Ժամանակ պահանջվեց, որ Մոսկվան, նման պայմաններում կողմնորոշվելով՝ որոշակի քայլեր ձեռնարկի երկու հիմնական ուղղությամբ. նախ՝ լավ հարաբերություններ պահպանել ե՛ւ Թուրքիայի, եւ՛ Ադրբեջանի հետ, երկրորդ՝ ապահովել սեփական ազգային շահերի իրականացումն իր ազդեցության ավանդական ոլորտ համարվող Հարավային Կովկասում:
Արդյունքում Մոսկվան հաջողեց։
Խնդրո առարկա [եռակողմ] համաձայնագիրը բացառապես Ռուսաստանի եւ Թուրքիայի համատեղ աշխատանքի արդյունքն է: Լիովին անտեսվել է այսպես կոչված ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, Ֆրանսիա եւ ԱՄՆ) ձեւաչափը, որը երեսուն տարի զբաղվելով ԼՂ խնդրի կարգավորմամբ, այդպես էլ առաջխաղացում չունեցավ: Այսպիսով, իրական հաղթողները միայն Ռուսաստանն ու Թուրքիան են, որոնք միահամուռ ուժերով դուրս մղեցին Արեւմուտքին (ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին)՝ նրանց թույլ չտալով, գործընթացներին մասնակցելով հանդերձ, ամրապնդել դիրքերն աշխարհաքաղաքական տեսակետից այնքան կարեւոր Հարավային Կովկասում։ Խաղից դուրս մնաց նաեւ Իրանը:
«Իրականում Մոսկվան եւ Անկարան շարունակում են միասին որոշել ապագա աշխարհի ճարտարապետությունը, այն դեպքում, երբ Արեւմուտքը հիմնականում ճկուն չէ եւ հանդես է գալիս բացարձակապես քաղաքական հռետորաբանության եւ ռազմական ուժ գործ գործադրելու կամ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու դատարկ սպառնալիքների մակարդակում, որոնք երբեւիցե որեւէ արդյունք չեն տվել». գրում է խորվաթական Geopolitika.news կայքը։