Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակության` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» նոյեմբերի 25-ի երեկոյան Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւի նախագծի դեմ հանդես են եկել Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունները:
Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ-ն բանաձեւը սադրանք է որակել, նշելով, որ թեեւ փաստաթուղթն իրավաբանական ուժ չունի, այդուհանդերձ դրա քաղաքական նշանակությունը մեծ է եւ կասկածի տակ է դնում միջնորդական մանդատ ունեցող Ֆրանսիայի չեզոքությունը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն ֆրանսահայերին մեղադրել է հակամարտության թեման նախընտրական նպատակներին ծառայեցնելու մեջ՝ միաժամանակ Ֆրանսիայի Սենատին խորհուրդ տալով նման կանխակալ բանաձեւեր ընդունելու փոխարեն տարածաշրջանի կայունությանն ու առաջընթացին նպաստող գործունեություն ծավալել:
Իր հերթին Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին Ֆրանսիայի Սենատի ուղղած կոչը՝ լքել նոր ազատագրված տարածքները, գնահատել է իբրեւ «անհեթեթ, կանխակալ եւ փաստերից զուրկ հասկացողության դրսեւորում, որը չի կարելի լուրջ ընդունել: Ցանկալի է, որ Ֆրանսիան տարածաշրջանի կայունության հարցում կառուցողական դիրքորոշում ընդունի եւ ճիշտ ընտրություն կատարի»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: