Շուշիից նոյեմբերի 10-ին անհետացած լիբանանահայ կինն ու տղամարդը Բեյրութի նավահանգստի օգոստոսի 4-ի պայթումից հետո էին տեղափոխվել Հայաստան, որտեղից՝ որոշ ժամանակ անց Շուշի: Երբ սկսվել է պատերազմը, դուրս են եկել Շուշիից, հանգրվանել Գորիսում: Եռակողմ հայտարարության անմիջապես հաջորդ առավոտը՝ նոյեմբերի 10-ին, նրանք ետ էին գնացել Շուշի՝ վերցնելու իրենց իրերը եւ անհետացել:
«Լիբանանահայ տղամարդու եւ կնոջ անուն-ազգանունները հայտնի են, հայտնի է այն ավտոմեքենայի համարանիշը, որով Շուշի էին գնացել, ունենք լուսանկարներն ու այլ տվյալներ»,- այդ մասին «Ալիք մեդիա»-ին տեղեկացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանը, նշելով, որ լիբանանահայերի դեպքը մի քիչ ուրիշ է՝ անվտանգության նկատառումներից ելնելով չեն հայտնում տվյալները, չեն հրապարակում լուսանկարները:
«Հաշվի է առնվում հատկապես այն, որ Ադրբեջանը քանիցս հայտարարել է, թե Հայաստանը Մերձավոր Արեւելքի երկրներից, հատկապես Լիբանանից, Սիրիայից վարձկաններ է բերել, որոնք մասնակցել են պատերազմին: Հատկապես տղամարդու դեպքում ուզում ենք խուսափել նման շահարկումներից: Նրանց տվյալները փոխանցվել են գերիների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող կազմակերպություններին»,-ասաց Ամայլա Կարապետյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ անհետացումից հետո հարազատներն անմիջապես սկսել են փնտրել. տղամարդու մասին տեղեկություններ չունեն, կնոջ հեռախոսը երկու անգամ պատասխանել է։ Մեկ անգամ ադրբեջանական կողմը հայտնել է, որ այո, կինը գերի է, երկրորդ անգամ ասել է՝ սպանված է, այնուհետեւ հեռախոսը դարձել է անհասանելի:
«Անհետացած հայրենադարձները նույն ընտանիքի անդամներ չեն, ունեն ընտանեկան կապեր: Չնայած տղամարդուց մինչեւ հիմա ոչ մի լուր չկա, բայց քանի որ նույն մեքենայով են գնացել, ենթադրվում է, որ նա նույնպես գերեվարված է»,-տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Գրասենյակը կապի մեջ է նրանց ընտանիքի անդամների հետ: Կինը քրոջ հետ պատերազմից ընդամենը տասն օր առաջ էր հաստատվել Շուշիում: Հրադարարից հետո քույրը մնացել է Գորիսում, չի գնացել իրերի հետեւից: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Կարմիր Խաչի հայաստանյան կոմիտեն եւ Ազգային անվտանգության ծառայությունը մյուս անհետ կորածների, գերեվարվածների թվում զբաղվում են նաեւ սփյուռքահայ անետացածների հարցով: Առայժմ հրապարակման ենթակա տվյալներ չկան:
Հիշեցնենք, որ օգոստոսի լիբանանյան աղետից հետո Հայաստան տեղափոխված հայերից այս երկու ընտանիքների հետ միասին եւս ինն ընտանիք էր ցանկություն հայտնել բնակվել Արցախում: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը զբաղվում էր նրանց աշխատանքի, բնակարանի հարցերով, բայց սկսվեց պատերազմը եւ նրանք Արցախ չգնացին: Որոշ լիբանանահայեր, ըստ գրասենյակի տվյալների, պետք է բնակվեին Բերձորում:
«Եվ հիմա ընդհանրապես, արդեն նկատվում է լիբանանահայերի արտահոսք Հայաստանից: Հայրենադարձության ալիքը կանգ է առել»,-ասաց գրասենյակի մամլո պատասխանատուն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին անհետացած կինն ու տղամարդը միակ սփյուռքահայերը չեն, որոնք ողբերգական ճակատագիր են ունեցել այս պատերազմում: Մինչեւ հիմա հրապարակված տվյալների համաձայն զոհվածների մեջ կա հինգ սփյուռքահայ. երեքը՝ Հալեպից, երկուսը՝ Լիբանանից:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։