Վերնագրում գեր բառը չաղ իմաստով չի օգտագործված, թեպետ հանգիստ կարելի է նաեւ այդպես հասկանալ։ Կարծում եմ, պարզ է, որ խոսքը ՍՈՒՊԵՐնախարարության մասին է՝ իր երկար անվանումով. Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի։
Կասեք՝ բա դրա ժամանա՞կն է։ Բա հիմա գլխավորը՝ երկրի կայունությունը, պատերազմի դեռ չսպիացած վերքերը, անհետ կորածների, գերիների, վիրավորների հարցերը թողած խոսենք ինչ-որ մի, թեկուզ եւ ՍՈՒՊԵՐ նախարարության մասի՞ն։
Պատասխանեմ. իսկը ժամանակն է, որովհետեւ իմ խոսքը գործող կառավարությանը չի ուղղված։ Կյանքը ցույց տվեց, որ կառավարության ղեկավարին ու նրան սատարող ԱԺ խմբակցությանն ինչ-որ բան բացատրելը իմաստ չունի։ Ինչպես ասում են՝ իրենց էշը երկաթից է, քշում ու քշում են (դեռ)։
Իմ խոսքն ուղղված է ապագա կառավարությանը, որը անխուսափելիորեն ձեւավորվելու է՝ արտահերթ (տա Աստված), թե՝ հերթական (Աստված չանի՝ եւս երեք տարի սպասենք) ընտրություններից հետո։
Իսկ այս հոդվածը գրելու առիթը այդ երկար անվանումով նախարարության (հապավումը՝ ԿԳՄՍ) ղեկավարի փոփոխությունն էր. Արայիկ Հարությունյանին փոխարինեց Վահրամ Դումանյանը։
Կարծում եմ, որ նախարարի փոփոխությամբ այս ոլորտում կուտակված բազմաթիվ ու բազմապիսի խնդիրները չեն լուծվելու եւ չեն կարող լուծվել։
Մեկ մարդը չի կարող գլուխ հանել ե՛ւ կրթությունից ու գիտությունից, ե՛ւ մշակույթից, ե՛ւ սպորտից, դեռ երիտասարդության հարցերն էլ վրադիր։ Կասեք՝ բայց նա ամեն այդ ոլորտների գծով ունի տեղակալներ, որոնք կզբաղվեն խնդիրներով։
Համաձայն չեմ։ Տեղակալները, իրենց ենթակա վարչությունների միջոցով կարող են կատարել աշխատանքներ, վեր հանել խնդիրներ, լսել դրանք, պատրաստել օրենքների, որոշումների, ենթաօրենսդրական այլ ակտերի նախագծեր, սակայն վերջնական որոշում կայացնողը նախարարն է, որը եթե խնդիրը չհասկացավ, հանգիստ կարող է տուրք տալ տեղակալի նախասիրություններին։ Իսկ 2018-ի դեկտեմբերի արտահերթ ընտրություններից հետո անցած մոտ երկու տարին ցույց տվեց, որ սկանդալներն այդ նախարարությունում տեղ ունեին եւ հիմնականում հենց փոխնախարարների հետ կապված։
Ի դեպ, մենք ուսումնասիրեցինք նախկին խորհրդային ինը երկրների կառավարությունների կառուցվածը, եւ միայն երկուսում՝ Մոլդովայում ու մեր հարեւան Վրաստանում տեսանք նման սուպերնախարարություններ. Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում, Բելառուսում, Ուկրաինայում, Ռուսաստանում գիտության ու կրթության նախարարություններն առանձին են, մշակույթինը եւ սպորտինը առանձին։
Ե՛վ Արայիկ Հարությունյանը, ե՛ւ Վահրամ Դումանյանը կրթության ոլորտից են։ Ընդ որում, դեռեւս պարզ չէ (համենայն դեպս կենսագրութունից չի երեւում), թե նոր նախարարը կրթության ու գիտության կառավարման ասպարեզում փորձ ունի, թե՞ չէ։ Պարզ է միայն, որ նա գիտնական է, կիրառական մաթեմատիկայի մասնագետ, ֆակուլտետ է ղեկավարել։ Բայց մի՞թե դա բավարար է, որ նա հասկանա կրթության, գիտության (էլ չեմ ասում մշակույթի, սպորտի ու երիտասարդության հարցերի) կառավարման խնդիրները եւ մշակի այդ ոլորտներում պետական քաղաքականությունը։
Նման գերնախարարությունը, իմ կարծիքով, ծանրաշարժ է, չի կարող տարբեր ոլորտներում ծագող խնդիրները արագ լուծել, որովհետեւ, կրկնեմ, որոշում ընդունողը նախարարն է, իսկ խնդիրը (ասենք, սպորտին առնչվող) նրան հասցնելու ճանապարհը շատ երկար։ Եվ, երկու տարվա փորձը ցույց տվեց, որ նման կառավարման պայմաններում տուժում են բոլոր բնագավառները։
Արդ, առաջարկս ապագա կառավարությանը. հրաժարվել այդ ԳԵՐ (այս դեպքում՝ հենց արհեստական չաղացրած) նախարարությունից, վերադառնալ նախկին համակարգին, եւ գոնե մշակույթի ու սպորտի քաղաքականության համար (երիտասարդության խնդիրները կարող են պահել) առանձին նախարարություն ստեղծել։ Այսպիսով, խնդիրներն ավելի օպերատիվ ու արագ կլուծվեն եւ քաղաքականության մշակումն էլ ավելի արհեստավարժ կլինի։
Հ. Գ. – Այս հոդվածն էինք վերջնական խմբագրում, մեկ էլ հայտնվեց նորանշանակ նախարարի պատասխանը լրագրողի հարցին. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես զբաղվում եմ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերով»։ Չենք կարծում, որ նախարար նշանակված անձը չի կարդացել ՀՀ Սահմանադրությունը եւ չգիտի, որ նախարարը քաղաքական պաշտոն է։ Նրա խոսքը ներողամտորեն վերագրենք միտքը ճիշտ չձեւակերպելուն կամ, ասենք՝ շփոթվածությանը եւ հուսանք, որ իր խորհրդականները շատ արագ նրան կբացատրեն, որ ինքը ոչ թե «հարցերով» է զբաղվում, այլ (մեջբերում ենք նախարարության կանոնադրությունից). «…Մշակում եւ իրականացնում է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը»։
Իսկ քաղաքականություն մշակելն ու իրականացնելը հենց քաղաքականությամբ զբաղվել է նշանակում։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։