Նոյեմբերի 27-ին կայացած առցանց քննարկման ընթացքում միջազգային Կարմիր խաչի կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, թե Ադրբեջանում 150 հայ ռազմագերիների առկայության մասին տարածված լուրերը կեղծ են:
«Այն լրատվամիջոցներից, որոնք տարածել են այս տեղեկությունը, փորձել ենք ճշտել՝ որտեղից են վերցրել լուրը՝ չկարողացանք: ԿԽՄԿ-ն երբեք չի հրապարակել եւ չի էլ հրապարակելու վիճակագրական տվյալներ փնտրվող անձանց վերաբերյալ». ասել է Ամատունին եւ հավելել, որ յուրաքանչյուր առանձին դեպք քննարկում են իշխանությունների հետ:
Միաժամանակ նա հայտնել է անազատության մեջ հայտնված անձանց ընտանիքների հետ տեսակցությունների մասին։ «Հոկտեմբերի կեսերից ճշտել ենք մի շարք գերեվարված անձանց տվյալներ, որոնց մասին տեղյակ ենք պահել նաեւ նրանց ընտանիքներին: Դիմում եմ այդ ընտանիքներին, որպեսզի կապի մեջ լինեն մեզ հետ»։
ՄԿԽԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նաեւ հիշեցրել է, որ գերիներին վերադարձնելու որոշում ընդունում են կողմերը, իրենք միայն օգնում են։