Ինչպես հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից՝ Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։ Նրա երկօրյա աշխատանքային այցի նպատակը Հայաստանին մարդասիրական օգնության բեռը փոխանցելն է: Ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ հանդիպումներ կունենա Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ:
Արմենպրեսը տեղեկացնում է, թե նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Սենատի ընդունած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագծին։
«Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` մեր պարտականությունն է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համաձայնեցված լուծման ուղղությամբ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ, եւ այդ բանակցությունների ելքը չի կարելի նախապես եւ միակողմանիորեն որոշել»,- ասված է հայտարարությունում:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշում է, որ այսօր իր առաջնային խնդիրը պետք է լինի հակամարտության հետեւանքով տեղահանված անձանց անվտանգ վերադարձի ապահովումը։ «Ֆրանսիան նախկինի պես հավատարիմ է հակամարտության կայուն կարգավորման հասնելուն՝ հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության եւ արժանապատվության հարգման պահանջները։ Ֆրանսիան այսուհետ եւս կանի հնարավորը Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման համար»։