Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմը ծանր եւ տեւական հետք է թողել մեր երկրի քաղաքական վարկի, տնտեսության ու քաղաքացիների կյանքի վրա։ Այդ հետեւանքները նաեւ դրոշմվել են առաջնագծում իրենց կյանքը վտանգած մասնակիցների հիշողության մեջ․ պատերազմի ընթացքում տեսած աղետալի եւ աննկարագրելի պատկերներն ազդել են զինվորների հոգեվիճակի վրա։
«Պատերազմը փոխում է մարդուն, անհնար է այդքանը տեսնելուց հետո չփոխվել։ Հենց մարտադաշտում ես սկսում արժեւորել կյանքը»,- ասում է քսանհինգամյա Միհրան Մխիթարյանը, որը Ղարաբաղում վեց շաբաթ շարունակված ռազմական գործողությունների մասնակից է։
Զինվորական կոմիսարիատից ծանուցում ստանալը տարբեր կերպ ընդունվեց Մխիթարյանների ընտանիքում։ Եթե ընտանիքի անդամները անհանգստացած եւ մտահոգված էին, եւ նրանց ժամանակ էր պետք այդ մտքի հետ համակերպվելու համար, ապա Միհրանի արձագանք այլ էր․ «Շատ ուրախ էի, երբ ստացա ծանուցումը»
Չնայած զգացմունքների խառնաշփոթին, պատերազմ մեկնելիս, Միհրանը հանգիստ էր։ Բանն այն է, որ նրա համար դժվար էր հեռվից հետեւել գործողությունների զարգացմանը․ «Թվում էր՝ իմ մեղքի բաժինն էլ կա, մտածում էի՝ եթե ես էլ այնտեղ լինեի, գուցե որոշ չափով փոխեի իրավիճակը։ Ուստի, երբ ստացա ծանուցումը, ուրախացա, խղճի հանգստության զգացի»։
Միհրանը Հայաստանում պատրաստվածություն անցնելուց հետո, տեղափոխվել է Ասկերան, իսկ հետո Շոշ գյուղ՝ Շուշիի բարձունքը պաշտպանելու։ Դա մարտական գործողությունների ամենաթեժ կետերից էր, այնտեղ մարդկային կորուստն անխուսափելի էր։ Ընդհանրապես, մահը պատերազմի անդավաճան ուղեկիցն է․ զինվորները տեսնում են, թե ինչպես են զոհվում իրենց ընկերները, հաճախ էլ ստիպված լինում դիմացինին զրկել կյանքից։
«Կդժվարանամ ասել՝ տեսել եմ անմիջական մահ, թե՝ ոչ։ Այս պատերազմում սերտ մարտական գործողություններ հիմնականում տեղի չէին ունենում, բայց մահվան ծանրությունը միշտ ուղեկցում էր. երբ շուրջբոլորդ դիեր են, իսկ գլխավերեւում տեսնում ես հրթիռակոծություն, փաստ է, որ դրանք մարդկանց կյանքեր են խլում»։
Չնայած մարտական գործողությունները խեղում եւ սարսափեցնում են, միեւնույն ժամանակ զինվորների մեջ ավելի է սրվում հայրենասիրության զգացումը։
«Մարտադաշտում հասկանում ես, որ «Հայրենիք» կոչվածը վերացական երեւույթ չէ, որ հայրենիքը մարդիկ են, որ այստեղ ես պաշտպանելու ընկերներիդ ու ընտանիքդ, հողը, բնությունը, այն ամենը ինչ սիրում ես ու թանկ է քեզ համար։ Պատերազմը սովորեցնում է արժեւորել կյանքը»,- ասում է Միհրանը։
Պատերազմը կյանքի բոլոր բացասական կողմերի մարմնացումն է. ռազմաճակատ մեկնողները կա՛մ ընդհանրապես չեն վերադառնում, կա՛մ վերադառնում են, արդեն այլ մարդ դարձած։ Ղարաբաղյան պատերազմը կարելի է առժամանակ ավարտված համարել, բայց պատերազմի հետեւանքները դեռ երկար կհիշեցնեն իրենց մասին։
«Արդեն տասնհինգ օր է անցել՝ ինչ վերադարձել եմ, հոգեվիճակս կայունացման փուլում է, փորձում եմ մոռանալ եղածը եւ վերականգնել կյանքիս նորմալ ընթացքը, բայց դա այնքան էլ հեշտ չէ»,- մեր զրույցը եզրափակում է Միհրան Մխիթարյանը։