Հնդկական Millennium Post պարբերականը գրում է, որ Հայաստանի պարտությունից հետո Ֆրանսիան ձգտում է պահպանել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման վրա իր ազդեցությունը, բայց նախագահ Էմանուել Մակրոնը կանգնած է լուրջ երկընտրանքի առջեւ՝ մի կողմից հաշվի առնել ֆրանսահայ մեծ համայնքի ցանկությունները, մյուս կողմից դիմագրավել Ադրբեջանին, որը վերջինիս մեղադրում է կողմնակալ վերաբերմունքի համար։
Ֆրանսիան, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ միասին, Մինսկի խմբի համանախագահ երկրներից է, որոնք գրեթե երեք տասնամյակ շարունակ ձգտում էին համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:
Ֆրանսիահայերի հետ հանդիպմանը, խոսելով նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարի հայտարարության մասին՝ Մակրոնն անբավարար է գնահատել այն. «Դա չի լուծում քաղաքական հարցը եւ մնացած բոլոր խնդիրները»։
Millennium Post-ը հիշեցրել է, որ Մակրոնը խիստ քննադատում էր սեպտեմբերի 27-ին Բաքվի սկսած հարձակողական գործողությունները, եւ մասնավորապես, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի աջակցությունը, որին նա մեղադրում էր սիրիացի ջիհադիստներին Ադրբեջան տեղափոխելու եւ հայերի դեմ օգտագործելու համար: