Հրադադարի պայմանները, որոնք Ռուսաստանը համաձայնեցրել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, լուրջ սպառնալիք են Թեհրանի երկարաժամկետ ռազմավարական շահերի համար,- գրում է Arab News պարբերականի մեկնաբան Դնյանեշ Քամարը։
Ադրբեջանն այժմ ամբողջությամբ է վերահսկում Արաքս գետի երկայնքով Իրանի հետ իր սահմանը: Մինչ Բաքվում սա խանդավառության առիթ է, Թեհրանում այն տագնապով է ընդունվում, քանի որ Իսրայելը հնարավորություն է ստանում մոտենալ Իրանի դարպասներին։
Թեեւ Բաքուն ժխտում է, սակայն գաղտնիք չէ, որ Իսրայելն ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում են էներգետիկայի եւ ռազմական ոլորտներում: Ադրբեջանն իսրայելական զենքի խոշոր գնորդներից մեկն է: Պատերազմի օրերին իսրայելական կամիկաձե անօդաչու թռչող սարքերը կարեւոր դեր խաղացին մարտերի ընթացքը Ադրբեջանի օգտին թեքելու գործում։
Բացի այդ՝ Ադրբեջանն ու Իսրայելը խոր կապեր ունեն նաեւ հետախուզության ոլորտում: Եթե Թել Ավիվը որոշի ավիահարվածներ հասցնել իրանական միջուկային կայանին, Ադրբեջանը վառելիքով եւ վերալիցքավորման հարցերով կօգնի նրան։
Պատերազմի մյուս հետեւանքը Հայաստանի տարածքով Ադրբեջանն իր անկլավ Նախիջեւանին կապող տարանցիկ միջանցք ստեղծելու առաջարկն է։ Այն հսկելու է ռուսական զորքը։ Սա լուրջ մտահոգություն է առաջացրել Թեհրանում, քանի որ այդպիսով կփակվի Իրանի մուտքը Հայաստան եւ այնտեղից Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա:
Միջազգային պատժամիջոցների ենթարկվող Իրանի համար շատ կարեւոր է մուտք ունենալ բարեկամաբար տրամադրված հարեւան երկրներ,-եզրափակում է Arab News պարբերականի մեկնաբան Դնյանեշ Քամարը։