Գերմանական «Frankfurter Rundschau» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Ազեր Բաբաեւն ասել է, թե Մոսկվան, որը հակամարտության հաղթող կողմերից մեկը դարձավ՝ ի դեմս Վլադիմիր Պուտինի, չեզոք չէ եւ շահագրգռված է տարածաշրջանում իր ազդեցության ընդյալնմամբ։
Այդ հանգամանքն, ըստ քաղաքագետի՝ չի նպաստում Երեւանի ու Բաքվի միջեւ տեւական խաղաղության հաստատմանը:
«Շատերը համոզված են, որ Մոսկվան կփորձի հակամարտությունն ամբողջովին չսառեցնել,-ասում է Բաբաեւը։-Եթե Ռուսաստանն իսկապես շահագրգռված է խաղաղ կարգավորմամբ, ինքնին կկարգավորվեն բոլոր մյուս խոչընդոտները։ Ռուսներն, իհարկե, որպես տարածաշրջանային գերտերություն, ապահովում են զինադադարի պահպանումը, իսկ ինչպես խաղաղություն կհաստատեն, կախված կլինի հետագա քաղաքական քայլերից»:
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը կախված կլինի նաեւ Հայաստանի ներքին իրավիճակից։ «Օրինակ, հայտնի չէ՝ կկառչի՞ Փաշինյանն իր իշխանությունից նման պարտությունից հետո եւ արդյո՞ք Հայաստանը ներքաղաքական առումով կայուն կմնա»:
Ըստ Բաբաեւի, Բաքուն հասել է գրեթե բոլոր նպատակներին՝ իր հսկողության տակ վերադրաձնելով Լեռնային Ղարաբաղին հարող շրջանները, որոնք երկար տարիներ գրավված են եղել հայերի կողմից:
Ադրբեջանցիներն, ընդհանուր առմամբ գոհ են պատերազմի ելքով, բայց խանդավառված չեն, որ ռուսական զորքն այնտեղ է: Առայժմ որոշված է, որ նրանք մնան հինգ տարի: Դառնալով Արեւմուտքին, Բաբաեւը նշել է, թե վերջինս տարածաշրջանում կորցնում է իր ազդեցությունը եւ այս հակամարտությունում պարտված դուրս եկավ, հայերը դրանից իրենց լքված զգացին ու ստիպված են հանդուրժել ուժեղ Ռուսաստանի ներկայությունը:
Ինչ վերաբերում է Թուրքիային, Ազեր Բաբաեւը վստահ է, թե ռազմավարական ազդեցությունն ուժեղացել է եւ Անկարայում հույս ունեն, որ Ադրբեջանի հետ ակտիվ շփումները տնտեսական ու քաղաքական մեծ արդյունքի կհանգեցնեն: Բացի դրանից, Ռուսաստանին ու Թուրքիային հաջողվել է փոխազդեցության նոր մոդել մշակել, այն դեպքում, երբ նրանք Սիրիայում միմյանց դեմ էին աշխատում:
«Frankfurter Rundschau»-ի լրագրողի՝ չե՞ք վախենում, որ Հայաստանը դարձյալ կզինվի ու կվիճարկի զինադադարի արդյունքները, Բաբաեւը պատասխանել է, «Հայերի համար, հասկանալի պատճառներով, դժվար կլինի հաշտվել պարտության մտքի հետ, բայց Հայաստանը տնտեսական առումով շատ թույլ է, որ նորից զինվի ու սկսի վրեժ լուծել: Ուստի ստիպված են ընդունել նոր իրողությունը»: