«Լեւադա-կենտրոնը» Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հակամարտության սրման, դրան առնչվող այլեւայլ դրվագների վերաբերյալ Ռուսաստանում հարցում է անցկացրել։
Մասնակիցների 30%-ը վկայել է, որ ուշադիր հետեւել է 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տեւած ռազմական զարգացումներին։
«Լեւադա»-ն նման մի հարցում էլ անցկացրել էր 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ եւ նույն հարցին ստացել 11% արդյունք, մինչդեռ 59%-ն ապրիլյան պատերազմի մասին ինչ-որ բան էր լսել:
Հակամարտության գոտում լարվածության սրման համար 21%-ը մեղադրել է ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ի երկրներին, 18%-ն՝ Ադրբեջանին, 16%-ը՝ Թուրքիային, եւ միայն 1%-ը՝ Ռուսաստանին (2016-ի ապրիլյանի համար ոչ ոք չէր մեղադրել ՌԴ-ին), հարցման մասնակիցների 22%-ը դժվարացել է մեղավորներ գտնել:
Հետաքրքրական է, որ հարցվողների 74%-ը պատերազմող կողմերից ոչ մեկին չի աջակցել, 15%-ն իր համակրանքն է արտահայտել Հայաստանի նկատմամբ, 6%-ն՝ աջակցել է Ադրբեջանին:
Հարցման մասնակից ռուսաստանցիների կեսից ավելին ողջունել է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռուս խաղաղապահների տեղակայման փաստը (2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ 46%-ն է կողմ եղել նման զարգացմանը), 69%-ը բացասական է վերաբերվում տարածաշրջանում թուրք խաղաղապահների հավանական տեղակայման հեռանկարին: