Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներ է իրականացնում Հադրութի շրջանում:
-Փրկարարները Հադրութ քաղաք դեռ չեն մտել,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադեւոսյանը։
Նա հայտնել է, որ Հադրութի շրջանում հայտնաբերվել է 19 դի, իսկ մինչ այդ գտել եւ ծնողներին են փոխանցել զոհվածների 655 մարմին:
Նախօրեին Էջմիածնի զորամասի շտաբի պետ Կամո Մալխասյանն անհետ կորած զինծառայողների ծնողներին հավաստիացրել էր, որ առաջիկա երկու օրերին որոնման աշխատաքներ կիրականացվեն Զանգելանում։
«Հակառակ կողմը թույլ չէր տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի, Ֆիզուլու, Ջաբրայիլի եւ Հադրութից հարավ ընկած հատվածներում, բայց Կարմիր խաչի եւ ադրբեջանական կողմի միջեւ բանակցություններում դրական տեղաշարժ է նկատվում». ասել էր Մալխասյանը: