«Le Figaro»-ն տեղեկացնում է, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հրահանգել է հսկողություն սահմանել Ֆրանսիայում գործող յոթանասունվեց մզկիթների նկատմամբ, որտեղ, ենթադրաբար, «արմատական իսլամիզմի գաղափարներ են քարոզվում»:
Դրանցից տասնվեցը Փարիզում կամ մերձակայքում են, վաթսունը՝ երկրի այլ շրջաններում։ Տասնութ մզկիթի նկատմամբ «անվերապահ գործողություններ» կիրականացվեն, անգամ կփակվեն:
Նախարարը հայտնել է նաեւ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի պաշտոնավարման առաջին օրվանից ի վեր՝ վերջին երեք տարում, քառասուներեք մզկիթ է փակվել:
Դեկտեմբերի 9-ին Մաքրոնի վարչակազմը պատրաստել եւ Նախարարների խորհրդին է ներկայացրել «Իսլամիստ անջատողական» նախագիծը , որի նպատակը մզկիթների ֆինանսավորումն ավելի զգոն վերահսկելն է, մահմեդական միավորումներին աչալուրջ հետեւելն ու արտերկրից կրոնական պաշտոնյաների ժամանումը կանխելն է:
Անցած հոկտեմբերին Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ իշխանությունները ուշիուշով հետեւում են արմատականության մեջ կասկածվող ավելի քան չորս հազար օտարերկրացիների, որոնցից 231-ին մտադիր վտարել Ֆրանսիայից: