Հուլիսյան դեպքեր, Թուրքիայի ակտիվացում, ռուսական կողմի վերաբերյալ սխալ հաշվարկ ու Շուշիի պար… Ինչպե՞ս են գնահատում Վրաստանում նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթն ու տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության կտրուկ աճը: Այս հարցերի մասին զրուցել ենք Վրաստանի Եվրոպայի համալսարանի պրոֆեսոր, միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Գոբրոնիձեի հետ:
Նոյեմբերի 10-ի գիշերվանից սկսած, երբ բոլորի համար հայտնի դարձավ համաձայնագրի բովանդակությունը, մեծ ալիք բարձրացավ սոցիալական մեդիայի վրացական տարածքում: Հիմնական արձագանքները բաժանվում էին երեք մասի՝ «շնորհավորանքներ Ադրբեջանին», «Ռուսաստանի ձեռագիրը» եւ «խեղճ Փաշինյան» գրառումներ:
Հաշվի առնելով Վրաստանում առկա տրամադրությունները՝ պարզ է, որ հանրության գերակշիռ մասը հակառուսական գրառումներ էին կատարելու՝ մեղադրելով հյուսիսային հարեւանին սեփական շահի համար մարդկանց կյանքեր զոհաբերելու եւ խաղաղապահներով տարածաշրջան վերադառնալու համար: Բազմաթիվ գրառումներ եղան այն մասին, որ «Ռուսաստանն ու խաղաղապահությունը անհամատեղելի երեւույթներ են»:
2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանի հանդեպ վրաց հասարակության վերաբերմունքը որոշակի փոփոխության էր ենթարկվել: Վրաստանում Փաշինյանին արեւմտամետ գործիչ էին ընկալում եւ հույս հայտնում, որ նա Հայաստանը դուրս կբերի Ռուսաստանի անմիջական ազդեցությունից։ Ու մինչ օրս էլ «եթե ոչ Փաշինյանն, ապա ո՞վ» կարծիքին են:
Միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Գոբրոնիձեն, որը նաեւ ռուսագետ է եւ ինչպես ինքն է ասում՝ «մարդ, որ 5 պատերազմ է տեսել», նկատում է.
«Փաշինյանը հրեշտակ չէ, բայց այս փոլում նա Հայաստանին պետք է ու քանի որ հենց ինքն է ստորագրել, մինչեւ վերջ պիտի պատասխանատվություն կրի եւ իրականացնի այն, ինչի տակ ստորագրել է»:
«Հայաստանի ներկա իրավիճակը հասկանալու համար պետք է հաշվի առնել մի պարզ բան. Ռուսաստանի համար ոչ միայն երկրի արտաքին քաղաքականությունն է կարեւոր, այլ նաեւ՝ ներքին: Երկու տարուց ավել Փաշինյանը Ռուսաստանին լոյալություն էր ցույց տալիս, բայց այս քայլով Պուտինը պարզ հասկացրեց, որ միայն ցուցադրական լոյալությամբ չի բավարարվի: Եվ այո, սա պատիժ էր Հայաստանի ներկա իշխանության համար». «Ալիքի» հետ զրույցում նշում է միջազգայնագետը:
Ըստ Գոբրոնիձեի՝ հետխորհրդային շրջանում ոչ մեկի անկախությունը Ռուսաստանի «սրտով» չէ, բոլորը պատժվում են, պարզապես, տարբեր երկրներ, տարբեր գին են վճարում դրա դիմաց: Միջազգայնագետը գտնում է, որ Հայաստանը շարունակաբար չի անկախանում Ռուսաստանից, բայց ստեղծված իրավիճակի պատճառներն այլ տեղում է տեսնում.
«Որո՞նք էին հիմնական սխալները: Թերեւս կարելի է ասել՝ պատմությամբ առաջնորդվելը: Հայաստանը զոհ դարձավ հակառակորդի թուլության մասին պատկերացմանը. Ադրբեջանը թույլ է, ադրբեջանցին կռվել չգիտի, բայց հասկանալ էր պետք, որ այլեւս 90-ականները չեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի ասիմետրիա կա։ Բացի այդ՝ Հայաստանում հաշվի չառան, որ սա այլեւս տեխնիկայի պատերազմ է եւ փաստացի անօդաչուների նման կռիվ մինչ այս չի եղել»։
Անդրադառնալով պատերազմին նախորդող շրջանին՝ Գոբրոնիձեն ուշադրություն է հրավիրում երկու դրվագի վրա։ «Հայաստանի ոչ մի ղեկավար՝ բացի Փաշինյանից, չի արել «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը: Սա թերեւս սխալներից ամենամեծն էր, ինչպես նաեւ Շուշիում նրա պարը։ Ալիեւի համար աթոռը շատ կարեւոր է եւ պետք չէր նրան սպառնալ»։
Միջազգայնագետը անդրադարձավ նաեւ հուլիսյան դեպքերին՝ ասելով, որ Հայաստանն ուշադրություն չդարձրեց այդ ժամանակ Թուրքիայի ակտիվ արձագանքին եւ հենց Պաշտպանության նախարարության հայտարարությանը, որում հստակ ուղերձ կար։ «Թուրքիայի ՊՆ-ն հայտարարեց, թե ինքը մտահոգված է եւ սա պետք էր ընկալել, որ ՆԱՏՕ-ի երկրորդ երկիրը մտահոգված է: Հայաստանում չէին պատկերացնում, որ Թուրքիան այդպես կմիջամտեր, նաեւ Սիրիայից վարձկաններ կբերեր։ Ադրբեջանը 2016-ից հետո եզրակացություններ արեց, համախոհներ ձեռք բերեց եւ մեծ գումարներ ներդրեց: Հայաստանում դա չէր արվել, դե իսկ Փաշինյանը չհասցրեց. հեղափոխություն, նոր քաղաքական իրավիճակ, կորոնավարակն ի հայտ եկավ եւ նա չկարողացավ դրսեւորել իրեն»,- ասում է մեր զրուցակիցը:
Գոբրոնիձեն կարեւոր է համարում նաեւ առաջնագծից հնչած տեղեկատվությունը՝ ասելով, թե դա ռազմավարական հնարք էր։ Փաշինյանն ուզում էր մարտական ոգին բարձր պահել, բայց դա չէր կարեւորը: Նա օրինակ է բերում 2008-ի Վրաստանն՝ ասելով. «երբ ռուսները հասան Գորի, մենք ասացինք՝ նրանք արդեն Գորիում են, եկեք գոնե Թբիլիսին պահենք: Մենք ի սկզբանե գիտեինք, որ Ռուսաստանին չենք կարող հաղթել: Մեզ համար մեծ դեր խաղաց միջազգային հանրությունը, նրանք մեր կողքին էին, իսկ հայերը փակված էին բոլոր կողմերից»։
2017-ից «Ալիք մեդիա»-Վրաստան թիմի անդամ եմ՝ լրագրող։ Թեեւ Վրաստանի տեխնիկական համալսարանում իրավագիտություն եմ ուսումնասիրել, բայց ինձ համար հետաքրքիր են բոլոր ոլորտներն ու թեմաները։