Ստեփանակերտն արտաքուստ կանգուն է: Ավերածությունները քաղաքի կենտրոնից հեռու են: Խանութներն աշխատում են: Գործում է հանրային տրանսպորտը, այստեղ-այնտեղ տաքսիների շարք է կանգնում: Աշխատում են բանկերը, վերականգնված է էլեկտրամատակարարումը, կա շուրջօրյա ջուր, գազ: Դեկտեմբերի 3-ին գործել սկսեց ինտերնետը, կարգավորվում է բջջային կապը: Նույնը չեն, սակայն, մարդիկ:
Պատերազմի քառասունչորս օրերին բնակչության մի զգալի մաս ապրել է նկուղային ապաստարաններում: Հիմնականում՝ նրանք, որ ռազմաճակատում որդի, ամուսին, եղբայր ունեին: Ստույգ հայտնի չէ՝ քաղաքը որքա՞ն զոհ է տվել: Կան անհայտ կորածներ: Նրանց հարազատները հավաքվում են կենտրոնական հրապարակում եւ իշխանություններին ներկայացնում իրենց պահանջները: Առայժմ ոչ ոք հստակ ոչինչ չի ասում: Միայն՝ ընդհանուր հավաստիացումներ:
Ստեփանակերտի օդում անորոշություն է, մարդկանց հոգիներում՝ առավել եւս: Ու թեեւ սկսել են գործել երկու-երեք դպրոցներ, անգամ թռուցիկ հայացքով է զգացվում, որ երեխաների մեծ մասը չի վերադարձել: Նրանց հետ՝ մայրերը:
Սեպտեմբերի 26-ին կար բոլորովին այլ երկիր, քան ունենք այսօր: Եւ բանը միայն տարածքային կորուստը չէ: Արցախի սուբյեկտությունն է խնդիրը: Ընդունակ է իշխանությունը լուծելու որեւէ հարց, թե՞ ամեն ինչ կախված է Երեւանից եւ ռուս խաղաղապահներից: Մարդիկ այս անորոշության ծանր ազդեցության տակ են:
Առավոտյան աշխատանքի են շտապում՝ հուսալով, որ մի բարի լուր կունենան: Իսկ լուր չկա: Փոխարենը՝ ֆեյսբուքյան ասեկոսեներ են եւ ժողովրդական «ֆոլկլորի» ժանրից խոսակցություններ, որ չգիտես որտեղից են ծնվում, ինչպես եւ ինչ նպատակով են տարածվում: Ամենավտանգավորը, թերեւս, դա է՝ «թափառիկ սյուժեների» հորինվածքը: Եւ երբ փորձում ես կողք-կողքի դնել միեւնույն խնդրի շուրջ երկու «ժողովրդական մեկնաբանությունն»՝ ակամա քեզ բռնում ես այն մտքի վրա, որ պաշտոնական, քաղաքական, հանրային շրջանակներից վեր ինչ-որ մի սկզբնաղբյուր, այնուամենայնիվ, կա եւ ինչ-որ տեղից պարբերաբար եւ հետեւողականորեն սնուցվում է, որպեսզի մարդիկ ոչ միայն չթոթափեն ապատիան, այլեւ ավելի տրվեն անորոշության եւ հուսալքության:
Այդպես էր պատերազմի առաջին օրերին, երբ քաղաքի տարբեր «կենտրոններում» հանկարծակի հավաքվում էին «մսաղացից հրաշքով փրված կամավորականներ» եւ սարսափազդու «դեպքեր» պատմում: Գրեթե բոլորն անխտիր երդվում էին, որ «հրամանատար չեն ունեցել» կամ՝ «հենց առաջին կրակոցներից նրան չեն տեսել»:
Այդպես ահագնանում էր խուճապը: Եւ ոչ ոք ոչինչ չէր ձեռնարկում՝ գոնե պարզելու, թե այդ մարդիկ ինչու եւ ինչպե՞ս են հայտնվել Արցախում, իրոք եղե՞լ են առաջնագծում, հատկապես՝ որտեղ:
Նրանք «կամավորական» էին: Նրանց տրված էր զենքը ձգելու եւ տուն վերադառնալու արտոնություն: Եւ ով տեսել էր առաջին պատերազմը, զարմանում եւ զայրանում էր, թե ինչո՞ւ ռազմական ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկում: Ինչո՞ւ զինվորական հրամանատարությունը չի արգելում «կամավորականներին» առաջնագծից տեսանյութեր հրապարակել՝ գրեթե քարտեզագրելով մեր զորքերի տեղաշարժը:
Պատերազմից հետո այդ խուճապը տեղափոխվել է տեղեկատվական մանիպուլյացիայի հարթություն: Ինչ-որ մեկին, հավանաբար, ձեռնտու չէ, որ կյանքն Արցախում հնարավորինս նախկին հունին վերադառնա: Եւ դարձյալ՝ պատկան մարմինների լուռ անտարբերություն: Ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ:
Ահա այսօրվա Ստեփանակերտը, որտեղ վարսավիրն իրեն թույլ է տալիս աշխարհաքաղաքական բնույթի «խորիմաստ դատողություններ» անել եւ հաճախորդն ստիպված համակերպվում, խոհեմաբար լռում է: Վիճել, հակափաստարկ բերելն անմիաստ է: Բոլորը մի բան են ասում՝ «ծախած գործ էր»: Բոլորը համոզված են, որ մենք կհաղթեինք, թշնամուն մինչեւ առնվազն Քուռ գետը կհալածեինք, բայց «եղավ դավաճանություն»: Իսկ եթե փորձես կոնկրետացնել, թե հատկապես ով, ինչպե՞ս դավաճանեց, կարժանանաս քմծիծաղի, որ թարգմանվում է այսպես. «Իբր դու չգիտե՞ս»: Եւ այս ամենին գումարած՝ օդում ինչ-որ հրաշքի սպասում կա. «Պուտինը կասի՝ Հադրութը կվերադարձնեն», Ասկերանի մի քանի գյուղն էլ՝ վրադիր:
Ամենավտանգավորն, ահա, այդ հույսն է, որ Ստեփանակերտից ձնագնդի նման գլորրվում՝ հասնում է գյուղեր, որտեղ անասունների մեծ մասը ջրի գնով իրացրել եւ նստած՝ հաշվում են, թե եղած գումարով Հայաստանի գոնե մարզային քաղաքներից մեկում մեկ-երկու սենյականոց բնակարան ձեռք կբերվի՞: Ստեփանակերտցիների մի շատ զգալի մասն անցած քսան տարիներին Երեւանում բնակարանի, բիզնեսի տեր է դարձել: Հիմա մտմտում են՝ ինչպես պետության գլխին կապեն այստեղ ունեցածը: Չէ՞ որ շուշեցիներին, հադրութցիներին կեցավայրով ապահովելու խնդիր կա: Ստեփանակերտում տուրբուլենտ իրավիճակ է, մի տեսակ՝ բրոունյան շարժում, որ միայն արտաքուստ է անկառավար թվում: Խորքում ամեն ինչ բազմաթիվ թելերով փոխկապակցված է: Եւ քաղաքական կյանքը, որ մինչ այդ էլ առանձնակի խորություն չուներ, գրեթե լիովին դադարել է: Բայց՝ միայն արտաքին-հրապարակային դրսեւորումներում: «Ընդհատակում» քննարկումներ են: Սպասվում են վերադասավորումներ: Թե ինչ եւ ինչպե՞ս է արվելու՝ ոչ ոք ոչինչ չի ասում: Ստեփանակերտը գոնե հոգեբանորեն վերադարձել է 1991-ի ամառ-աշնանասկզբի իրավիճակին:
Տխուր էսքիզներ են, բայց դե իրողության հանդեպ մեղանչելն էլ հանցանք կլիներ:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։