Երկու-երեք օր է՝ Սյունիքի մարզի Արավուս սահմանամերձ գյուղի ջոկատի տղաները բանակցում են գյուղի սահմանին մոտեցած ադրբեջանցիների հետ: Այսօր նրանք հայտնել են, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները հայկական կողմից պահանջել են գյուղի տարածքից 750 մետր հետ գնալ։
Բանակցությունները հիմնականում Թորոսի բարձունքի շուրջ է (տեղացիների շրջանում հայտնի է Թուրուսի խութ անունով): Բարձունքն, ըստ Արավուսի կամավորական ջոկատի անդամների՝ ռազմավարական նշանակություն ունի, եւ իրենք չեն լքելու այն: Կամավորականները Թորոսի բարձունքից տեսաուղերձով դիմել են ՀՀ կառավարությանը, պետական այրերին՝ խնդրելով գալ եւ օգնել պահելու այն։
«Այսօր նորից Արավուս ջոկատի տղաները կանգնած են իրենց հենակետում։ Քիչ առաջ մեզ մոտ էին Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումները, հերթական անգամ բանակցելով, համոզեցինք, որ այս հենակետն իրենցը չէ։ Խնդրում ենք բոլորին, եկեք ու սատար կանգնեք մեր այս հենակետին, քանի որ թե՛ ռազմական, թե՛ ստրատեգիական մեծ նշանակություն ունի։
Սա մի հենակետ է, որտեղից ադրբեջանցիները կարող են ցանկացած ոտնձգություն կատարել: Բարձունքի տեսադաշտում են Սյունիքի Տեղ, Կոռնիձոր, Արավուս, Քարաշեն, Խնձորեսկ համայնքները։
«…Թողնելով այս հենակետը, կկորցնենք ավելի շատ հող ու տարածք»,- նշել են արավուսցի կամավորականները: Մեզ հետ զրույցում ջոկատի հրամանատարն ասաց, որ ադրբեջանական մի զինվորական ստորաբաժանում արդեն տեղավորվել է Թուրուսի խութից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա:
Բարձունքը հայ մարտիկները գրավել էին 1992-ի մայիսի 15-ին։ Այն ռազմավարական նշանակություն է ունեցել Լաչինի միջանցքի ազատագրման համար։ Ամեն տարի այդ օրը Տեղ համայնքում նշում են Թորոսի բարձունքի գրավումը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։