Դեռ մի քանի տարի առաջ, երբ ստեփանակերտցի Սվետա Միքայելյանի ռազմագիտության ուսուցիչը դասի ժամանակ աշակերտներին զենք քանդել-հավաքել ու կրակել էր սովորեցնում, տեսնելով, որ աղջիկները երբեմն թերանում էին, ասում էր. «Ոչինչ, աղջիկնե՛ր, սա ձեզ պետք չի գալու, զենքը տղաներին փոխանցե՛ք»:
Ուսուցիչը զոհվեց Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ, իսկ Սվետան մինչ օրս իրեն չի ներում, որ ռազմագիտության դասերին կարեւորություն չէր տալիս եւ այդպես էլ զենք բռնել չսովորեց։
Սեպտեմբերի քսանյոթն, ինչպես շատերի, նրա համար էլ անսպասելի է։
«Ամսի 26-ին շատ հանգիստ էի, մտածում էի՝ վաղը լավ օր է լինելու: Դե ո՞ւմ մտքով կանցներ, որ պատերազմ կսկսվի։ Առավոտյան երկու ձայն լսեցի, քնաթաթախ էի, մտածեցի հրավառություն է, երրորդ պայթյունն ու մամայի հոգոցը միաժամանակ հասան ականջիս: Մամաս կյանքում «ախ» չի ասում, ձայնարկություն չէր․ ցավ էր: Մայրս գոռաց՝ իջե՛ք: Ախր, նկուղ չունեինք, ո՞ւր իջնեինք»,-հիշում է Սվետան:
Գրեթե ողջ օրը Ստեփանակերտում տագնապի ձայնն է լսվել: Քանի որ նկուղ չկար, ընտանիքը ստիպված վեր ու վար է արել տան մեջ:
«Ոտնաձայներ լսվեցին, չգիտեի, թե ով էր․ առաջին միտքս՝ թշնամին էր։ Շուրջս նայեցի, որ ինչ-որ բան գտնեմ, կարողանամ պաշտպանվել ու պաշտպանել ընտանիքս։ Մտքում կռիվ էի տալիս, ինչո՞ւ զենք չունեի, եթե ունենայի էլ արդյոք կկարողանայի՞ ինքնապաշտպանվել, չէ՞ որ զենք բռնել չգիտեի»,-ինքն իր վրա զայրացած՝ պատմում է Սվետան:
Պարզվեց՝ հարեւանն էր։ Բայց մղձավանջն այդքանով չավարտվեց, գիշերն էլ ավելի դժոխային ու անհանգիստ էր։ «Այդ գիշեր չքնեցի։ Տան լույսերը անջատել էինք, պատուհանն էլ բաց թողել, որ ձայն լսելուն պես դուրս փախչեինք: Ատում էի մեքնենաների շարժիչների ձայները, քանի որ դրանք շեղում էին ինձ պայթյուններից ու կրակոցներից. վախենում էի, թե չեմ զգա մոտեցող վտանգը»։
Ծանր այս ապրումներն ու տագնապը, սակայն, նրան ոչինչ է թվացել, երբ փորձել է պատկերացնել, թե ի՞նչ են զգում սահմանին կանգնած զինվորները։ «Գիտեի՝ ամեն րոպե զոհվող զինվորիների շնորհիվ էր, որ մենք դեռ ողջ էինք»։
Ստեփանակերտում այսպես երեք օր մնալուց հետո նա՝ մոր, քրոջ եւ անչափահաս եղբոր հետ եկել է Ապարան ՝ ծանոթի տանը ժամանակավորապես ապաստանելու: Մինչ օրս այնտեղ են բնակվում, երկու անգամ Ապարանի համայնքապետարանից պարենային օգնություն են ստացել: Աղջիկը գոհ է տեղացիների հոգատար վերաբերմունքից, նույնիսկ մի անծանոթ, իմանալով, որ Արցախից են, մնալու տեղ էր առաջարկել։
Սվետայի մայրն արդեն Ստեփանակերտում է, բայց առայժմ դեմ է երեխաների վերադարձին: Մոր խոսքով՝ շատերն են ետ դարձել, բազմաթիվ տներ ավեր են, մարդիկ կան, որ նստարանների վրա են քնում, ոմանք էլ ամբողջ օրը, քաղաքապետարանի դիմաց հավաքված՝ կացարան են խնդրում: Սվետայենց տունը եւս կիսաքանդ է։
Երբ ծնողները համոզվեն, որ Արցախում վիճակը կայուն է եւ անվտանգ, Սվետան կվերադառնա Արցախ՝ իր խոսքով արդեն Ռուսաստան, բայց չգիտի ու չի պատկերացնում, թե ինչպես է ապրելու թշնամու կողքին: «Հիմա ստիպված ենք թուրքերի հարեւանությամբ ապրել»։
Խոսելով հետագա անելիքների մասին՝ Սվետան ասում է. «Իմ առաջնային նպատակն է, որ պատերազմող եւ թշնամիներով շրջապատված Արցախում, այնպիսի կրթական ծրագիր լինի, որ թե՛ երեխաները, թե՛ կանայք ու ծերերը զինվորական պատրաստություն անցնեն։ Պետք է միշտ պատրաստ լինենք կռվի, հատկապես հիմա, որ ոչ թե թշնամու կողքին, այլ հենց թշնամու հետ ենք ապրում»։