«Պատերազմի հենց առաջին օրվանից ցանկացել եմ լինել առաջնագծում: Հոկտեմբերի մեկին՝ ծննդյանս տարեդարձի օրն, արդեն Արցախում էի, Մարտակերտի շրջանում»,-պատմում է կամավորական Տիգրան Հախվերդյանը:
Քսաներեքամյա տղան Լոռու մարզի Դսեղ գյուղից է: Ասում է`ընտանիքի անդամները, չնայած անհանգստությանը, հպարտությամբ են ընդունել իր որոշումը:
Արցախ մեկնելուց ութ օր անց Տիգրանն առողջական պատճառներով հետ է եկել։ Հոկտեմբերի քսանմեկին վերադարձել ու ընդգրկվել է մի վաշտում, որը, լինելով հատուկ նշանակության, մարտերի էր մասնակցում տարբեր ուղղություններում:
«Նոյեմբերի հինգի առավոտյան հրամանատարը տագնապով հանեց մեզ եւ ասաց, որ Շուշիում կատաղի մարտեր են, եւ որ էնտեղից հետ գալը համարյա անհնար է։ Բոլորս ասացինք՝ պատրաստ ենք գնալու… Նոյեմբերի վեցին, երբ արդեն Շուշիում էինք, ու անհավասար մարտեր էին ընթանում, մտածում էինք միայն առաջ գնալու մասին, ոչ ոք չէր հանձնվում։ Բոլորը հերոսաբար կատաղի կռիվ էին տալիս հանուն հայրենիքի։ Ցավոք, ունեինք զոհեր ու վիրավորներ». դառնությամբ հիշում է Տիգրանը։
Նա առանձնացնում է իր ընկերոջը՝ Հովհաննես Վլադիմի Հովհաննիսյանին։ «Հայրը` Վլադիմ Հովհաննիսյանն, ընկավ հերոսաբար, իսկ ինքը`Հովհաննեսը, հնարավոր ու անհնարին ճանապարհներով անընդհատ վիրավորներին էր դուրս բերում»։
Պատերազմի ընթացքում Տիգրանը վիրավորվել է ոտքից ու ձեռքից: «Ես դիպուկահարի գնդակից ոտքից վիրավորվեցի։ Մեր սիրելի հրամանատարն աչքերի բեկորային վնասվածք ստացավ: Ճիշտ է, էլի չէինք հանձնվում, բայց, տեսնելով, որ ելք չկա, հրամանատարը նահանջի հրաման տվեց`ասելով, թե մինչեւ վերջին զինվորը դուրս չգա, ինքն այդտեղից ոչ մի քայլ հետ չի գնա։ Հետ քաշվելն ավելի դժվար էր: Շատերն հենց այդ ժամանակ էլ նահատակվեցին: Բայց ասեմ, որ մեր հրամանատարն ու մեր հերոսները բազմաթիվ մարտերում ճիշտ գործողությունների շնորհիվ շատ սխրանքներ էլ են գործել»,-պատմում է Տիգրանը։
Երկորդ գնդակից վիրավորել է տղայի ձեռքը։ «Ես չէի մտածում` կմեռնեմ, թե՞ կապրեմ: Միայն մտածում էի, որ մեր սուրբ հողերը չպետք է հանձնենք։ Մի քանի հարյուր մետր սողալով`կարողացանք դուրս գալ։ Չգիտեմ` ոնց ողջ մնացինք, բայց շնորհակալ եմ բոլոր մարտական ընկերներիս ու Աստծուն»։
Պատերազմը դադարեցնող՝ նոյեմբերի իննին ստորագրված եռակողմ հայտարարության մասին լուրը Տիգրանի համար անսպասելի էր. «Երբ իմացա այդ փաստաթղթի մասին, հուզմունքով լցվեցի: Չեմ կարող զգացողություններս բացատրել»։
Այժմ նա պետության կողմից անվճար բուժօգնություն է ստանում, կամաց-կամաց ապաքինվում՝ մեծ ուժ եւ խաղաղություն է մաղթելով բոլորիս: