Լիբանանահայ քաղաքագետ Եղիա Թաշճյանը, որ վերջերս է վարակվել կորոնավիրուսով եւ ապաքինվել, արյան պլազմայի դոնոր է դարձել երկու հիվանդի համար:
Լիբանանն այն երկրների թվում է, որտեղ կառավարության թույլտվությամբ կիրառվում է կորոնավիրուսի դեմ պայքարի այս միջոցը. կովիդով վարակված եւ ապաքինված անձանց արյան՝ արդեն իսկ հակամարմիններով հարուստ պլազման ներարկվում է վարակակիր այլ հիվանդների:
Ինչպես «Ալիք մեդիա»-ին հայտնեց Եղիա Թաշճյանը՝ հիվանդները, որոնց ինքը նվիրել է հակամարմիններով հագեցած պլազման, արդեն ապաքինվել են, լավ են զգում:
Միջոցն ԱՄՆ-ում փորձարկվել է 200 հազարից ավել ծանր ու թեթեւ հիվանդների վրա. նախնական արդյունքները գոհացուցիչ են: Գիտնականները հայտարարում են, որ արյան թերապիան նոր չէ. այն կիրառվում է հարյուր տարուց ավելի, օգտագործվել է նաեւ իսպանական գրիպի, էբոլայի եւ այլ համաճարակների ժամանակ, սակայն կորոնավիրուսի դեպքում գիտական աշխարհը վերապահ է եւ պլազմայի արդյունավետության մասին ավելի ճշգրիտ փաստերի կարոտ։
«Ալիք մեդիա»-ի հետ զրույցում Եղիա Թաշճյանն ասաց, որ պլազմա տալու եւ այն հիվանդին ներարկելու պրոցեսն անցավ է, հեշտ, իսկ այն գաղափարը, որ կարող ես օգնել եւ կյանք փրկել, ուղղակի հաճելի է: Իրեն դիմած ծանոթ վարաակակիրների համար պլազման նա հանձնել է վարակվելուց տասնհինգ օր անց, երբ ստացել է թեստի բացասական պատասխանը: Պարտադիր է, որ թե՛ հանձնողը, թե՛ ընդունողն ունենան արյան նույն խումբը: Լիբանանում, որտեղ հայության շրջանում մեծ է կորոնավիրուսի տարածվածությունը, օրեցօր ավելի շատ կամավորներ են դիմում տարբեր հիվանդանոցներ՝ պլազմա հանձնելու:
Այն, որ ապաքինված հիվանդների արյան պլազման հարուստ է հակամարմիններով, փաստ է, սակայն, ըստ որոշ մասնագետների՝ այս մեթոդը հավանություն գտնելով, ետ կմղի պատվաստանյութերի մշակումն ու կիրառումը, ինչն արվում է շատ երկրներում:
Հայաստանում արյան պլազմայով բուժում առայժմ չի կիրառվում, սակայն կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն արդեն փորձարկվել է, առաջին կամավորներից մեկն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է: Նա արդեն ընդունել է պատվաստանյութի առաջին չափաքանակը, որոշ ժամանակ անց կստանա նաեւ մեկ պատվաստման համար անհրաժեշտ երկրորդը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։