Արցախի իշխանությունները դեռ չգիտեն, թե պատերազմի հետեւանքով ինչ չափի կամ գումարի ավերածություններ են եղել: Մինչեւ տարեվերջ կավարտեն գույքագրումը եւ կգնահատեն վնասների չափը: Խոսքն այս դեպքում վերաբերում է հիմնականում շենք-շինություններին, բնակելի ֆոնդին: Բայց զուգահեռ ընթանում են նաեւ շինարարական վերականգնողական աշխատանքներ` փոխվում են վնասված դուռ ու պատուհանները, տանիքները: Գույքագրում եւ փոխհատուցում են նաեւ կենցաղային իրերի վնասները, որպեսզի Հայաստանից վերադարձածները կարողանան ապրելու համար նվազագույն պայմաններ ունենալ:
Ըստ պաշտոնական տվյալների՝ արդեն վերադաձել է մոտ 35 հազար հոգի:
Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը Aliqmedia.am-ին փոխանցեց, որ պլանավորում են սկսել արագ կառուցվող տների ծրագիր։ Մինչեւ գալիք տարվա ապրիլ-մայիս ամիսները ավարտին կհասցնեն ու կհանձնեն մոտ 300 բնակարան: Այս պահին մոտ 2000 բնակելի տուն է նախագծվում Իվանյան, Հովսեփավան եւ Նորգյուղ համայնքներում։ 2021-ին կլինեն վերականգնողական ավելի մեծ նախագծեր:
«Ամենաշատը վնասվել են Ստեփանակերտ եւ Մարտունի քաղաքները: Միայն Ստեփանակերտում ունենք հրետակոծությունից տուժած բնակիչների 3000-ից ավելի դիմում, 1400-ի բնակարանները գույքագրած են, վնասների չափը հընթացս կորոշվի։ Վերանորոգման եւ վնասված գույքի վերականգնման ծախսերը պետությունն իր վրա է վերցնում։ Դրանք կարվեն Հայաստանի եւ Արցախի միջոցներով: Բացի այդ, տեսաք, Ռուսասանից հումանիտար օգնություն եկավ` շինանյութի տեսքով, առաջիկայում էլ է գալու: Բարերարներ ու կազմակերպություններ կան, որոնք նույնպես օգնելու ցանկություն են հայտնել»,- ասում է նախարարը:
Արցախի իշխանությունները ծրագրում են առաջիկա երկուսուկես տարիներին կառուցել ավելի քան 5000 բնակարան՝ լուծելու համար Շուշիից, Հադրութից ու այլ բնակավայրերից տեղահանված քաղաքացիների խնդիրները։
Գյուղատնտեսություն, ջրային եւ էներգետիկ հնարավորություններ
Դեռ ճշգրիտ տեղեկություններ չկան, բայց մոտավոր տվյալներով՝ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել մոտ 10 հազար քմ տարածք, Արցախին մնացել է 3 հազար քառակուսի մետրից քիչ ավելին:
Դրանք միայն տարածքներ չեն, որտեղից տարհանվել եւ այժմ անտուն են մնացել մոտ 35 հազար արցախցիներ, նաեւ գետեր են, մշակովի հողեր, վարելահողեր են, ՀԷԿ-եր: Այսինքն այդ տարածքները նաեւ Արցախի ջրային, էներգետիկ, գյուղատնտեսական կորսված ռեսուրսներն են:
Մինչեւ պատերազմը Արցախն ուներ ավելի քան 130 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության վարելահողեր, որոնցից շուրջ 100000 հեկտարի վրա իրականացվում էր աշնանացան եւ գարնանացան: Պատերազմի հետեւանքով թշնամուն անցած վարելահողերի կամ մշակովի հողերի գերակշիռ մասը` 70%-ը կամ մոտ 95 հազար հեկտարը, հացահատիկի ցանքատարածություններ եւ այգիներ էին։ Ի դեպ, Արցախն ապահովում էր ոչ միայն իր հացահատիկի ողջ պահանջարկը, այլեւ Հայաստանի պահանջարկի 25 տոկոսը։ 7000 հեկտար բազմամյա տնկարկներից Արցախին են մնացել ընդամենը 2000 հեկտար այգիներ:
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասում է, թե ստիպված են լինելու արմատապես վերանայել տնտեսության՝ առհասարակ ու հատկապես գյուղատնտեսության զարգացման հայեցակարգերը։ «Մեր ողնաշարը ջարդվել է նաեւ գյուղատնտեսության ոլորտում։ Պետք է հասկանալ, թե այդ տարածքով որքան ինքնուրույն կարող ենք մեր բնակչությանը պահել։ Արցախն այսքան փոքր երբեք չի եղել իր ողջ 10-11 հազար տարվա պատմության ընթացքում։ Սա 1915-ից հետո հայության համար երկրորդ ծանր կորուստն էր, բայց Արցախի համար առաջինն է։ Մենք նման բան չենք տեսել»։
Ըստ Բաբայանի՝ վտանգվել է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի ջրային ռեսուրսների անվտանգությունը: Քարվաճառի շրջանից են սկիզբ առնում Արփա եւ Որոտան գետերը, որոնք լցվում են Սեւանա լիճը եւ Սեւանը փրկում չորացումից: «Մի՞թե հնարավոր չէր այդ պայմանագրի ստորագրման ժամանակ դա նկատի ունենալ։ Այնքան էլ մեծ տարածքներ չեն՝ Ջերմուկից ընդամենը 8-10 կմ խորությամբ դեպի Քարվաճառի խորքը, եւ միշտ եղել են ՀՀ տարածք։ Կարող են, չէ՞, թունավորել»,- ասում է նա։
Գետերն ու ջրամբարներն ապահովել են ոչ միայն ջրային, այլեւ էներգետիկ ռեսուրսներ: Հարուստ ջրային պաշարներ են ունեցել հատկապես թշնամուն անցած Քարվաճառի ու Շահումյանի շրջանները: Բաբայանն ասում է, որ պատերազմից հետո իրենց մնացել է միայն Սարսանգի ջրամբարը: Արդյունքում, Արցախը կորցրել է իր էլեկտրաէներգետիկ ռեսուրսների շուրջ 80 տոկոսը: Մինչեւ պատերազմը Արցախի տարածքում գործել են 1 խոշոր` Սարսանգի վրա, եւ 31 փոքր հիդրոէլեկտրակայա՝ն գետերի վրա, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարել ոչ միայն Արցախին, այլեւ Հայաստանին: Ընդ որում, ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան ամենաէժանն է։ Պատերազմի հետեւանքով Արցախը կորցրեց նաեւ իր ինքնաբավ էներգետիկ համակարգը. Արցախում գործող 32 ՀԷԿ-ից 26-ը պատերազմից հետո արդեն դադարեցրել են իրենց գործունեությունը։
«Սարսանգը խորհրդային տարիներին ե՛ւ հիդրոէլեկտրակայան էր՝ 50 մգվտ հզորությամբ, ե՛ւ ոռոգման համալիր էր, ամենամեծն էր Անդրկովկասում, 128 հազար հա վարելահող էր ոռոգում, որից ԼՂԻՄ-ին բաժին էր ընկնում ընդամենը 15-18 հազար հեկտարը,- հիշեցնում է Բաբայանն ու վերակենդացման հույս հայտնում,-մենք պարտվել ենք ինքներս մեզ, եւ եթե այդպես է, ուրեմն դեռ վերակենդանանալու հնարավորություն կա»։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։