Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ անվտանգության եւ պաշտպանական համագործակցության գործակալության զեկույցին, հայտնում է, որ 2020 թվականին արտասահմանյան ռազմանական մատակարարումների շրջանակում Միացյալ Նահանգները Ուկրաինային մատակարարել է շուրջ 510 միլիոն դոլարի ռազմական արտադրանք, ինչն ամենախոշոր ցուցանիշն է համագործակցության ողջ ընթացքում:
Համամատության համար նշվում է, որ 2019-ին ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է 272,4 միլիոն, 2018-ին՝ 250,7 միլիոն, 2017-ին՝ 207,7 միլիոն եւ 2016-ին՝ 226,5 միլիոն դոլարի ռազմական արտադրանք:
Նախորդ բոլոր տարիների ընթացքում ԱՄՆ-ը Ուկրաինային մատակարարել է ընդհանուր առմամբ 179,2 միլիոն դոլարի ռազմական արտադրանք: Զեկույցում բերվում է բոլոր երկրների ռազմական մատակարարումները՝ սկսած 1950 թվականից:
Բացի դրանից, նշվում է, որ 2020 ԱՄՆ-ը Լիտվային մատակարարել է 136,5 միլիոն, Վրաստանին՝ 62,8 միլիոն, Լատվիային՝ 38,1 միլիոն, Մոլդովային՝ 11,5 միլիոն, Թուրքմենստանին՝ 1,3 միլիոն, Ղազախստանին՝ 1 միլիոն, Էստոնիային՝ 610 հազար, Ադրբեջանին՝ 509 հազար եւ Հայաստանին՝ 2 հազար ԱՄՆ դոլարի ռազմական արտադրանք:
ԱՄՆ անվտանգության եւ պաշտպանական համագործակցության գործակալությունը՝ իբրեւ Պենտագոնի կառույց, պատասխանատու է արտասահմանում՝ միջկառավարական պայմանագրերի հիման վրա ռազմական տեխնիկայի եւ զենքի վաճառքի մատակարարումների, այդ թվում՝ ԱՄՆ-ի զինուժի եւ այլ երկրների միջեւ կապերի հաստատման, Վաշինգտոնի օտարերկրյա գործընկերներին պաշտպանական ոլորտում ֆինանսական եւ տեխնիկական աջակցության համար: