Ըստ Greek City Times-ի՝ «ԵՄ-ն կարձագանքի արեւելյան Միջերկրականում Թուրքիայի սադրանքին». երկուշաբթի Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդում կայացած հանդիպումից հետո ասել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։
Թուրքիայի կողմից միջազգային օրենքների խախտումների մասին խոսելով՝ նա պնդել է, որ այդ երկիրը չի ընկալում ԵՄ դրական ակնկալիքները։
«Փաստորեն, Թուրքիան շարունակեց իր հանցավոր պահվածքը՝ սպառնալով Հունաստանին պատերազմով, եթե նա տարածքային ջրերը հասցնի 12 ծովային մղոնի։ Մինչդեռ դա բխում է, Եվրոպական իրավունքի մաս կազմող՝ ՄԱԿ-ի Ծովի մասին կոնվենցիայից». հայտարարել է Դենդիասը եւ ավելացրել, որ Թուրքիայի դիրքորոշումը մարտահրավեր է ոչ միայն Հունաստանին, այլեւ ԵՄ-ին՝ որպես ամբողջություն:
Ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի հրաժարվելու իր «սուվերեն իրավունքներից»։
«Հունաստանը՝ որպես Եվրոպայի երես տված զավակ, նպատակ ունի Եվրամիության պատժամիջոցներ հրահրել Թուրքիայի դեմ՝ ելնելով իր մաքսիմալիստական եւ ոչ լեգիտիմ ծովային սահմանների եւ օդային տարածքի պահանջներից», — ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: