Քաշաթաղի շրջանի հիսունմեկ համայնք, ըստ ստորագրված հայտարարության՝ դեկտեմբերի մեկին հանձնվեց Ադրբեջանին: Այս բնակավայրերում միայն մոտ երեք տասնյակ վանքեր, եկեղեցիներ, պատմական հուշարձաններ կան: Լավ են պահպանվել 17-րդ դարում կառուցված Հակի Սուրբ Մինաս, Միրիկի Սուրբ Աստվածածին, Հոչանցի Սուրբ Ստեփանոս, Հերիկի Սուրբ Գեւորգ, Շալուայի, Աթունիսի, Արախիշի, Մազրայի սրբավայրերը: Հարարի, Վակունիսի եկեղեցիները, Կաթոսավանքը, Աղբրաձորի վանքերը վատթար վիճակում են:
Ծիծեռնավանքն է, վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարեւորագույն կառույցներից մեկը, եռանավ բազիլիկ եկեղեցիների մեջ միակ կանգունն ու լավ պահպանվածն է: Վերջին տարիներին եկեղեցում բարեկարգման ծավալուն աշխատանքներ էին ընթանում, նորոգումից հետո պետք է ուսումնասիրվեին ու վերականգնվեին նաեւ որմնանկարները, իսկ հիմա փորձ է արվում ադրբեջանական ոտնձգություններից փրկելու համար գոնե հայկական արձանագրություններով տապանաքարերը տեղափոխել ապահով վայր։
Պատմաբան, հնագետ Համլետ Պետրոսյանն ասում է՝ Ադրբեջանն՝ աղվանական մշակույթին վերագրելով, գուցե պահպանի կամ յուրացնի Ծիծեռնավանքն ու նմանօրինակ մատչելի կառույցները, բայց դժվար հասանելի, սարերում ծպտված հուշարձաններն անխնա ոչնչացնելու են։
Այսպիսի օրինակ է 9-11-րդ դարերի Վարազգոմի վանքը։ Կանգուն, բայց վթարված այս սրբավայրը փրկելու բազմաթիվ ահազանգեր են հնչել։
Խնածախի Մելիքական ապարանքը 16-րդ դարից մեզ հասած պալատական ճարտարապետության յուրօրինակ հուշարձան է, որը Քաշաթաղի ազատագրումից հետո զբոսաշրջային կենտրոն էր դարձել:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում կան մելիքական ապարանքներ, կրոնական եւ քաղաքակրթական կարեւոր նշանակության կառույցներ, հուշարձաններ, արվեստի տարբեր նմուշներ, հնավայրեր: Դրանց թիվը հասնում է 4000-ի:
Վանդալիզմ առաջին իսկ օրերից
Հոկտեմբերի 8-ին, երբ երկու անգամ հրթիռակոծվեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը միջազգային լրատվականներին տված հարցազրույցներում ոչ միայն հերքեց դիտավորությունը, այլեւ վերագրեց այն հայկական զինված ուժերին:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից օրեր անց համացանցում տարածվեցին վանդալիզմի ենթարկված Ղազանչեցոց եկեղեցու պատկերները:
Այս սրբապղծությունից ժամեր առաջ էր կայացել Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցը, որի ընթացքում Ռուսաստանի ղեկավարն ընդգծել էր Բաքվի վերահսկողության տակ անցած եկեղեցիների պահպանության եւ դրանց նորմալ կենսագործունեության անհրաժեշտությունը: Ալիեւն էլ հավաստիացրել էր, որ այդ եկեղեցիներն ու վանքերը կպահպանվեն իրենց կողմից:
Ադրբեջանի ղեկավարի այս խոստմանն այսօր հուշարձանների պահպանությամբ զբաղվող կազմակերպությունները, մասնագետները, մեղմ ասած, կասկածով են վերաբերվում՝ հաշվի առնելով Ադրբեջանի շարունակվող հակահայկական պետական քաղաքականությունն ու Ջուղայի խաչքարերի հետ անցյալում տեղի ունեցածը:
Այն, որ Ադրբեջանի ձեռագիրը երեկ եւ այսօր առանձնապես չի փոխվել, ապացուցվում են փաստերով: Օրինակ, համացանցում տարածվող տեսանյութերից մեկում ադրբեջանցի զինվորը կռիվ է տալիս հայկական գերեզմանաքարի հետ, ի վերջո՝ կոտրում այն։ Մյուսում զինվորները երրորդ փորձից ջարդուփշուր են անում խաչքարը։ Երրորդում համաշխարհային պատերազմին նվիրված հուշակոթողի թարմ ավերակն է: Ադրբեջանցիներն արագ ավերել են Շուշիի Սուրբ Հովհաննես եկեղեցին. գմբեթն ամբողջովին քանդված է։
Ի՞նչ է արվում եւ ինչպես
«Փորձելով Արցախի հողից ջնջել հայ մշակույթի վկայությունները՝ փորձ է արվում վերացնելու մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը»,- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ դատապարտելու հայկական հուշարձանների հանդեպ իրականացվող վայրագությունները:
Մայր Աթոռում բացվել է Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության հարցերով զբաղվող գրասենյակ: Տնօրեն Գարեգին վարդապետ Համբարձումյանի խոսքով՝ թեեւ Մայր Աթոռն անմիջականորեն չի կարող պահպանել վերահսկողությունից դուրս մնացած մշակութային եւ հոգեւոր հարստությունը, սակայն միջազգային կառույցների հետ համագործակցության արդյունքում հնարավոր է նպաստել դրանց պահպանմանը:
Հայր Գարեգինի խոսքով՝ գործընթացը երկարատեւ ու փուլային է. հուշարձանների վերաբերյալ գիտական ուսումնասիրություններ կիրականացվեն, կկազմակերպվեն գիտաժողովներ, մասնագետների հետ հանդիպում-քննարկումներ։ Գրասենյակը կարեւորում է թեմայի մշտական արծարծումներն առցանց հարթակներում։ Պատրաստվում է կայքէջ, որում հնարավոր կլինի գտնել հուշարձանների մասին համակարգված տեղեկություններ:
ԿԳՄՍ նախարարությունն իր հերթին դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների՝ պահանջելով հավատարիմ մնալ ստանձնած առաքելությանը, անհապաղ ձեռնարկել վճռական քայլեր:
Դեկտեմբերի 3-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ, ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը խոսել է միջազգային կառույցների ոչ հասցեական կոչերի մասին, որոնք հանգեցնում են մշակութային ցեղասպանության եւ ընդգծել անհապաղ միջամտելու, գործնական քայլեր ձեռնարկելու կարեւորությունը: Նա փաստել է, որ Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1945-ի Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրությունը թերի է եւ չունի վերահսկման գործառնական որեւէ մեխանիզմ: Հայաստանը՝ որպես կոմիտեի անդամ երկիր, ներկայացրել է այդ բացը լրացնող նախագիծ՝ անդամ մյուս երկրներին հորդորելով սատարել այդ նախաձեռնությանը:
ԱԳՆ-ն այս ուղղությամբ աշխատում է ԿԳՄՍ նախարարության հետ։ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հունվարին հայկական հուշարձանների դիտարկման եւ ուսումնասիրման համար պատվիրակություն կմեկնի Ադրբեջանին անցած տարածքներ։ Սա, ըստ փոխնախարարի, ընթացակարգի առաջին փուլն է: Նախարարությունը ներկայացրել է առավել վտանգված հուշարձանների ցանկը, ԿԳՄՍ նախարարությունը՝ ԱԳն-ի հետ համագործակցելով, փորձում է պատվիրակության կազմում ընդգրկել նաեւ մասնագետ Հայաստանից:
ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ «Թուֆենկյան» հիմնադրամի հետ եռաչափ մոդելավորման համար Արցախում հասցրել է սքանավորել Քաշաթաղի, Քարվաճառի եկեղեցիներն ու անհրաժեշտ չափագրումներ անել:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։