«Ամերիկայի ձայն»-ը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում՝ ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաջնահերթությունների ու գործունեության վերաբերյալ լսումների ընթացքում, անդրադարձել է ԼՂ հակամարտությանը:
Պատասխանելով հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի մասին սենատոր Բեն Քարդինի հարցին՝ Ֆիլիպ Ռիքերը ասել է, որ Վաշինգտոնը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը ղարաբաղյան հակամարտության գոտում եւ խորապես ցավում մարդկային կյանքերի կորուստների համար:
«Վերջին մոտ 30 տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ մոտ էինք խաղաղության հաստատմանը: Ես հիշում եմ՝ իմ կարիերայի սկզբում մենք Մինսկի խմբի համանախագահության առաջատար դիրքում էինք եւ ակտիվ բանակցություններ էինք վարում Քի Ուեսթում: Մենք իսկապես մտածում էինք, որ մոտ ենք կարգավորմանը կամ համարյա այնտեղ ենք: Սակայն դա դարձավ պատրանք»,- նշել է Ռիքերը:
Նա տեղեկացրել է, որ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը շաբաթվա վերջում մյուս համանախագահների հետ կմեկնի Բաքու եւ Երեւան, որտեղ կքննարկվեն խաղաղ գործընթացի վերականգնման եւ դիվանագիտական հարթակ վերադառնալու հարցեր՝ հավելելով, որ կարգավորմանը պետք է հասնել բանակցությունների սեղանի շուրջ։ Նրա կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս առումով լավագույն միջնորդներն են:
«Դեռ շատ հարցեր ունենք Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, Թուրքիայի դերակատարության մասին: Չափազանց մտահոգված էինք եւ հայտնել ենք մեր մտահոգությունները այնտեղ տեղափոխված օտարերկրյա զինյալների եւ տրամադրվող զենք զինամթերքի վերաբերյալ քննարկումներում»,- ընդգծել է բարձրաստիճան դիվանագետը:
Ռիկերը հայտնել է, որ ԱՄՆ-ը միջոցներ է հատկացնում՝ փորձելով օգնել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչությանը: Նա խոստացել է այս հարցի վերաբերյալ սերտ կապ պահպանել ամերիկացի օրենսդիրների գրասենյակների եւ Հելսինկյան հանձնաժողովի հետ: