ՀՀ կառավարությունը մինչ օրս չի հայտարարում պատերազմի հետեւանքով պետությանը պատճառված տնտեսական վնասի չափը: Հայկական կողմը դեռեւս որեւէ գնահատական չունի: Մինչդեռ պաշտոնական Ադրբեջանն արդեն հնչեցրել է իր գնահատականը՝ ավելի քան 1 տրիլիոն դոլար, որի համար պատրաստվում է պահանջներ ներկայացնել միջազգային դատարան:
Արցախի ժամանակավոր կորսված հարստությունը
Արցախի գյուղատնտեսության նախարարության տվյալների համաձայն՝ պատերազմի հետանքով կորսվել է 132 հազար հեկտար վարելահողերի 70%-ը, 7000 հա բազմամյա տնկարկների 72%-ը:
Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող «Կատարո» գինու գործարանն՝ իր այգիներով ու սարքավորումներով ամբողջությամբ անցել է Ադրբեջանի տիրապետության տակ: Նույն ճակատագրին են արժանացել Թուֆենկյան հիմնադրամի կառուցած գինու գործարանը, պահածոների մի քանի գործարաններ, «Ղարաբաղ կարպետի» արտադրամասը Շուշիում եւ այլն: Զգալի են էներգետիկ ոլորտի կորուստները: Նախկինում ինքնաբավ Արցախը, որ էլեկտրաէներգիա էր արտահանում Հայաստան, այժմ ստիպված է լինելու ներմուծել:
Մարտակերտի շրջանի Կաշենի պղնձի մոլիբդենի հանքավայրը (քիչ քանակությամբ նաեւ ոսկի է պարունակում) նույնպես անցել է թշնամուն: Այն շահագործում էր «Վալեքս» խմբի անդամ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն, որը տարիներ շարունակ Արցախի ամենախոշոր հարկատուն էր:
Քաշաթաղում Կովսականի մոտ էր գտնվում Թոնդիրգետի ոսկու հանքավայրը, որ շահագործում էր «Գոլդ Սթար» ՓԲԸ-ն: Այս ընկերությունը եւս մի ժամանակ Արցախի խոշոր հարկատուների առաջին տասնյակում էր, սակայն վերջին տարիներին սկսել էր զիջել դիրքերը:
Վիճելի տարածք է դարձել նաեւ Հայաստանի Սոթք գյուղի մոտ գտնվող ոսկու հանքը, որը կիսով չափ գտնվում է Քարվաճառի շրջանում:
Արցախի հարավային շրջանների ամբողջ տարածքը հեռանկարային էր համարվում նավթի առումով։ Դեռ խորհրդային տարիներին հետախուզական աշխատանքները Ֆիզուլու եւ Ջեբրայիլի շրջաններում լավ արդյունքներ էին տվել։ Ընդհանուր առմամբ, ղարաբաղյան տարածաշրջանում (պայմանականորեն) նավթի կանխատեսելի պաշարները գնահատվում էին 250-300 մլն տոննա։
Դեռեւս երկու տարի առաջ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ծավալած գործունեության համար քրեական գործ էր հարուցել հայկական հանքարդյունաբերողների դեմ, այդ թվում՝ «Վալեքս Գրուպի»: Բաքուն մտադրվել էր արբանյակների միջոցով հաշվարկել ադրբեջանական AzerGold ընկերությանը հասցված վնասի չափն ու դիմել միջազգային դատարան: Հրադադարից առաջ՝ նոյեմբերի 2-ին, Բաքուն միջազգային հետախուզում հայտարարեց Կովսականում (Զանգելան) ոսկու արդյունահանմամբ զբաղվող հայ գործարարների նկատմամբ: Նրանցից մեկը «Վալեքս» խմբի անդամ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն է, որն, Ադրբեջանի հարկերի նախարարության հաշվարկներով, 2009-17 թվականներին 177.5 մլն դոլարի շահույթ է ստացել այդ տարածքում ծավալած գործունեությունից:
Մեծ Բրիտանիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանին
Ընդհանուր առմամբ, ներկայումս Ադրբեջանում գործում են ավելի քան 500 բրիտանական ընկերություններ, Մեծ Բրիտանիան ադրբեջանական տնտեսությունում գլխավոր ներդրողներից է՝ անգամ մի քանի տարի առաջ «ադրբեջանական լվացքատան» կոռուպցիոն սկանդալից ու դրան հաջորդած բազմաթիվ բացահայտումներից հետո:
Ներկայում Կովսականում ոսկու արդյունահանմամբ զբաղվելու նկրտումներ ունի բրիտանական Anglo-Asian Mining Plc. ընկերությունը, որի պայմանագրային տարածքների մեջ են մտնում երկու այլ հանքավայրեր՝ «Սյովյուդլյուի» եւ «Ղըզըլբուլախի»։ Այս ընկերության սեփականատերերից մեկը Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար, ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի նախկին նահանգապետ Ջոն Սունունուն է:
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում բրիտանական նավթագազային British Petroleum կորպորացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում սատարեց Ադրբեջանին: Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում կազմակերպության տարածաշրջանային նախագահ Հարի Ջոնսը համապատասխան նամակ էր հղել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին՝ ողջունելով «տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար պայքարի ելած ադրբեջանական ժողովրդին»:
1994-ից ի վեր BP-ն Ադրբեջանում ամենախոշոր նավթաարդյունահանող կազմակերպություններից է, խոշոր նավթահանքը «Շահ Դենիզն» է։ Ածխաջրածին արտահանելու համար կառուցվել է «Հարավային գազային միջանցքը», որը ներառում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Հարավկովկասյան գազամուղը, Տրանսատլանտյան գազամուղը, Տրանսադրիատիկ գազամուղը եւ այլն։
Զարմանալի չէ, որ նոյեմբերի սկզբին Բրիտանիան արգելափակեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը, որը կոչ էր անում դադարեցնել ղարաբաղյան պատերազմը:
Շուրջ 20 տարի լրագրության ոլորտում եմ: Լուսաբանում եմ սոցիալ-տնտեսական, քաղաքական թեմաներ: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու եմ: