Միշտ է մեր պառլամենտն աչքի ընկել իր ցածր որակներով։ Բացառություն էր 1990-ին ձեւավորված Գերագույն խորհուրդը, որտեղ քաղաքական դեմքեր էին, քաղաքական օրակարգ էր ու քաղաքական բանավեճ։ Այն իր աշխատանքի ընթացքում մի այնպիսի նշաձող սահմանեց, որին հաջորդ գումարման խորհրդարաններն այդպես էլ հասնել չկարողացան։ Հասնելու փորձեր անգամ չարեցին։ Ըստ էության, պառլամենտարիզմի բնագավառում, գումարում առ գումարում մենք միայն հետընթաց ենք գրանցել։ Խորհրդարանները կազմավորվում էին օրվա իշխանությունների քմահաճույքով՝ գործադիր իշխանության կցորդ էին, չէին արտահայտում երկրում առկա քաղաքական դասավորություններն ու ապաքաղաքական դեմքերով էին համալրվում։
2018-ի մայիսյան իշխանափոխությունից հետո թվում էր՝ կտրվեցինք մեր արատավոր անցյալից՝ այսուհետ ամեն ինչ այլ է լինելու, այդ թվում՝ անկասկած, ծանրակշիռ խորհրդարան ենք ունենալու։ Բայց ցանկություններն ու իրականությունը կրկին չհամատեղվեցին։ Զարմացնող էր իշխանության ղեկին գտնվող եւ իրեն հեղափոխական համարող ուժի՝ 2018-ի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների թեկնածուների ցանկը։ Մեծամասամբ հասարակությանն անհայտ ու անկենսագրություն երիտասարդներ էին։
Բայց անգամ այս պարագայում, շարունակում էր մնալ հույսը, որ անփորձ երիտասարդները՝ 21-րդ դարին վայել իրենց որակներով, իրենց եվրոպական կրթությամբ, իրենց մտահորիզոնի լայնությամբ կզարմացնեն ու կուրախացնեն մեզ։ Որ ԱԺ նիստերի սրահ կվերադառնա քաղաքական բանավեճը։ Որ քաղաքացիները կսկսեն հետեւել խորհրդարանի նիստերին ոչ թե այն պատճառով, որ այնտեղ ձեռնամարտ է, հայհոյանք է, հոխորտանքներ ու խարդավանքներ են, այլ այն պատճառով, որ երկրի ներկային ու ապագային վերաբերվող հետաքրքիր քննարկումներ են ընթանում եւ կարեւոր օրենքներ ընդունվում։
Երբ մեր երիտասարդները նոր էին արեւմուտքում կրթվելու հնարավորություն ստանում՝ տեսակետ կար, որ նրանք նման չեն լինելու խորհրդային խեղված պատկերացումներով ապրող ավագներին։ Որ թաղային հեղինակության, զարտուղի ճանապարհներով հարստացած քրեականի, անգրագետ օլիգարխի ու անկիրթ պատգամավորի երեխան եվրոպաներում կրթություն ստանալուց հետո հորը նման չի լինելու։ Որ նա չի կարող լինել վաշխառու, կաշառակեր, կաշառատու կամ պառլամենտում կոճակ սեղմող հնազանդ կամակատար։
Պարզվեց, սակայն, որ այս պատգամավորները եվրոպաներից միայն անգլերենի իմացություն եւ, լավագույն դեպքում, գենդերային թեմաներով շաղակրատելու խիստ մակերեսային պատկերացումներ են հետները բերել։ Մնացած ամեն ինչում ոչ միայն չեն զիջում՝ չեն էլ պատրաստվում զիջել, իսկ տեղ-տեղ գերազանցում են նախորդներին։
Հասարակական դաշտում, քաղաքականության մեջ, գիտության ոլորտում կան, իհարկե, արեւմուտքում ստացած կրթությունը յուրացրած՝ նոր մտածողությամբ օժտված փայլուն երիտասարդներ։ Բայց զարմանալի զուգադիպությամբ նրանք, որոնք ինչ-ինչ ճանապարհներով ընտրացուցակներ են սողոսկել, հայտնվել են օրվա իշխանավորի մերձակայքում, իշխանական կուսակցությունում, դարձել են չինովնիկ, մտնել խորհրդարան՝ կրկնում են իրենց անկիրթ ու անգրագետ նախորդներին․ լռող՝ երբ պետք է, ագրեսիվ՝ եթե հանձնարարված է եւ՝ երբեք ազատ։
Մեր «նորերը», որ իրենց հեղափոխականներ էին համարում, հնից տարբերվող իշխանական համակարգ ու խորհրդարան կազմավորել չկարողացան։ Չկարողացան, որովհետեւ «նորերը» հների դպրոցից են։ «Նորերը» հներին մերժելով հանդերձ՝ շարունակեցին մնալ հների պատկերացումների ու աշխատաոճի համատեքստում։ Նույն կերպ են տեսնում աշխարհը։
Սոցիալական փոխհարաբերությունների, քաղաքական մրցակցության, իշխանավարման, պետության ու պետականության մասին նույն պատկերացումնրն ունեն։ Ճիշտ այնպես, ինչպես հների ղեկավարն էր ցանկանում ունենալ՝ իրեն հնազանդ պատգամավորներից բաղկացած խորհրդարանական մեծամասնություն կամ խորհրդարանից դուրս՝ հնազանդ կուսակցություն, այդպես էլ նորերի ղեկավարը չի պատկերացնում խորհրդարան, որտեղ իր մեծամասնության պատգամավորներն իրեն հնազանդ չեն լինի եւ կուսակցություն, որտեղ ինքը կասկածից դուրս է ու անքննելի։
Այսպես է լինելու միշտ, եթե չունենանք աշխատող պետական համակարգ։ Եթե աշխատող համակարգի փոխարեն մեկ մարդն է լինելու, եթե մեկ մարդն է որոշելու ու վճռելու, եթե մեկ մարդու կամքից է կախված լինելու երկրի ներկան ու ապագան։ Քանի հեղափոխություն էլ անենք, քանի համաժողովրդական շարժում էլ հաղթի՝ այս պատկերն ենք ունենալու՝ շարունակելու են լինել աղանդ հիշեցնող իշխանական կուսակցությունը, աղանդավորներ հիշեցնող պառլամենտական մեծամասնությունը եւ նույն չլուծված խնդիրները։ Ու կարեւոր էլ չէ, թե ո՞վ է այդ մեկ մարդը եւ ի՞նչ տարիք ու կրթություն ունեն նրա հետեւորդները։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։