Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւոր գործընկերներից է, որի հետ հարաբերությունները տարիների ընթացքում կրել են որակական զգալի փոփոխություններ:
Եվրամիության համար իր հարեւան պետությունների հետ գործընկերությունը կարեւորվել է արեւելյան հարեւանության քաղաքականության, այնուհետեւ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում:
Այժմ Եվրամիությունը երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ոլորտներում բարեփոխումներին նպաստող ՀՀ կարեւորագույն գործընկերներից մեկն է:
ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման դինամիկայի մասին խոսել ենք ՀՀ ԱԺ-ի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» ծրագրի տնօրեն Միքայել Հովհաննիսյանի հետ:
Արման Եղոյան — Եվրամիությունը պետությունների միավորում է՝ իր տեսակի մեջ եզակի միավորում: Յուրահատուկ է նրանով, որ Եվրամիությունում կան ինստիտուտներ, որտեղ մասնակցություն ունեն բոլոր անդամ երկրները եւ այս ինստիտուտների կայացրած որոշումները, Եվրոպական դատարանի դեպքում՝ կայացրած վճիռները, պարտադիր են բոլոր երկրների համար եւ որոշ հարցերում Եվրամիության անդամ բոլոր երկրները իրենց լիազորությունները զիջել են այս ինստիտուտներին:
Միքայել Հովհաննիսյան — Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին խոոսելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն ընդհանուր կոնտեքստը, որում մեկնարկեցին այդ հարաբերությունները, իսկ կոնտեքստը առաջին հերթին կապված է Խորհրդային Միության փլուզման եւ «Երկաթե վարագույրի» վերացման հետ: Դրանից հետո, բնականաբար, Հայաստանի համար շատ կարեւոր տիրույթ Եվրոպան ակտուալացվեց, այսինքն հնարավոր դարձավ կապ հաստատել եւ սկսել կառուցել հարաբերություններ:
Արման Եղոյան — Եվրամիությունը իր արտաքին հարաբերությունները կառուցում է որոշակի ծրագրերի եւ քաղաքականությունների շրջանակներում:
Միքայել Հովհաննիսյան — Հայաստանի պարագայում առաջին նման համաձայնագիրը «Գործընկերության եւ համագործակցության» մասին համաձայնագիրն էր, որը համագործակցություն էր ենթադրում քաղաքական, տնտեսական, սոցիալական , բնապահպանական եւ այլ ոլորտներում: Պետք է նշել, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների կոնտեքստի մեկ այլ կարեւոր մաս է այն քաղաքականությունը, որ Եվրամիությունը վարում է իր անմիջական հարեւանների հետ: Նախնական շրջանում դա մեկ ընդհանրական քաղաքականություն էր որպես «Եվրոպական հարեւանության» քաղաքականություն, այնուհետեւ որոշակի ֆոկուսավորում տեղի ունեցավ եւ ստեղծվեց «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը՝ 2008-2009 թթ. եւ այդ ծրագիրը նախատեսված էր Եվրամիության արեւելյան հարեւանների համար, որոնք 6 նախկին Խորհրդային Հանրապետություններն էին՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա:
Արման Եղոյան — Հարաբերությունները կառուցվում են՝ հաշվի առնելով Եվրամիության ընդհանուր արտաքին քաղաքականությունը: Օրինակ, Հայսատան-Եվրամիություն կամ Ադրբեջան-Եվրամիություն, Ուկրաինա-Եվրամիություն կամ Մոլդովա-Եվրամիություն երկկողմ հարաբերություններում կնքված բյուջետային աջակցության ծրագրերը կամ ծրագրային աջակցության գործիքները: Ակնհայտորեն կտեսնեք այս հարաբերություններում առկա նրբությունները, կախված այս կամ այն երկրի եւ Եվրամիության ունեցած պայմանագրային բազայից — 1, եւ ընդհանուր այդ երկրում ընթացող քաղաքական զարգացումներից — 2:
Միքայել Հովհաննիսյան — Այդ ֆոկուսավորումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով. առաջինը՝ իհարկե, որ այդ երկրները ունեն որոշակի ընդհանուր տրամաբանություն, ընդանուր սոցիալ-քաղաքական, տնտեսական, մշակութային անցյալ, երկրորդը՝ իհարկե քաղաքական ասպեկտն է, որովհետեւ սրանք հետխորհրդային տարածքներն են, որոնք, փաստորեն, ընկած են Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ, երրորդը՝ առհասարակ Եվրամիության արտաքին քաղաքականությունից բխող տրամաբանություն է, որ ցանկացած արտաքին գործընկեր պետք է կանխատեսելի, ընկալելի, եվրոպական ստանդարտների տեսանկյունից չափելի լինի: Ոստի համագրծակցության ձեւաչափերը, ծրագրերը, որոնք Եվրամիությունն իրականացնում է իր գործընկերների հետ (տվյալ դեպքում Հայաստանի), ենթադրում է այդպիսի ճանաչելիության, կանխատեսելիության աստիճանի բարձրացում:
Արման Եղոյան — Սա կարող է վերաբերել ամենասովորական կենցաղային հարցից, առօրյայում հանդիպող օրինակ ճանապարհների կահավորման նորմերից սկսած ՝ եզրագծեր, կահավորում, լուսակիրներ, որակ, այլ տեխնիկական հատկանիշներ, վերջացրած բնապահպանության, գյուղատնտեսության, արդարադատության ոլորտներում բարեփոխումներով:
Միքայել Հովհաննիսյան — «Արեւելյան գործընկերության» շրջանակներում, այսինքն այդ երկրներին Եվրոամիության կողմից առաջարկվեց ավելի խորը, ավելի լուրջ համագործակցության շրջանակ, որովհետեւ նաեւ այդ «Գործընկերության եւ համագործակցության» մասին համաձայնագրերը, որոնք ունեին երկրները Եվրամիության հետ, հնացել էին եւ կորցրել իրենց ակտուալության աստիճանը: Եվ Եվրամիությունը այս երկրներին առաջարկեց ոչ անդամության թեկնածու երկրների համար մաքսիմալ ինտեգրացիոն ասոցացման համաձայնագրի ֆորմատը, որին կից նաեւ տնտեսական բլոկ որպես առաջարկվեց Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ֆորմատը:
Արման Եղոյան — Ըստ էության, մենք հիմա ունենք Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր, հանած ազատ առեւտուր եւ դրա հետ կապված կարգավորումներ: Մեծ հաշվով՝ նույն ասոցացման համաձայնագիրն է, իհարկե առանց շատ կարեւոր բաղադրիչ ազատ առեւտրի, որովհետեւ այն ժամանակ Հայաստանը մտավ ԵԱՏՄ, իսկ մեկ պետությունը չէր կարող միաժամանակ երկու ազատ առեւտրի գոտում լիներ երկու տարբեր միավորումների շրջանակներում: Այս համաձայնագիրը կարեւոր է նրանով, որ սրանով նախատեսվում է ՀՀ մի շարք օրենքների եւ օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերի մոտարկումը Եվրամիությունում գործող օրենքների եւ նորմերի հետ:
Միքայել Հովհաննիսյան — Եվրամիության աջակցությունը Հաասատանի համար կարեւոր է նաեւ այն ռեսուրսի տեսանկյունից, որը Եվրամիությունը պատրաստ է տրամադրել Հայաստանին այդ բարեփոխումները իրականացնելու համար: Բնականաբար խոսքը թե՛ ֆինանսական ռեսուրսների, թե՛ մասնագիտական, տեխնիկական աջակցության եւ այլ ռեսուրսների մասին է: Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դոնորներից է, ընդ որում այդ ֆինանսական աջակցության առյուծի բաժինը գնում է պետական սեկտորին այսինքն, տարբեր ոլորտներում բարեփոխումների աջակցության ծրագրերին: Եվրամիությունը այսպիսի սկզբունք ունի. «Ավելին ավելիի համար» եւ եթե գործընկեր երկիրը հաջողություններ է գրանցում բարեփոխումների ոլորտում, հավելյալ ծրագրերի եւ համագործակցության հնարավորություն է բացվում այդ երկրի համար:
Արման Եղոյան — Հեղափոխությունից հետո Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը աճել էր գրեթե 40%-ով, 40 միլիոնից հասնելով 56 միլիոնի, եւ այս տարի մենք պահեցինք այդ նշաձողը` 65 միլիոն եվրոն: Այս տարի մոտավորապես 95 միլիոն եվրո կտրամադրվի COVID-19-ի հետեւանքների վերացման համար, շուրջ 30 միլիոնը դրանից բյուջետային աջակցման գործիք է, 27 միլիոնը փոքր եւ միջին բիզնեսին տրամադրվող վարկային գործիք է՝ շատ շահավետ պայմաններով, եւ եւս 38.5 միլիոն եվրոն, նախկինում բանակցված, սակայն այդպես էլ չստացված եւ չօգտագործված գումար է, որը հիմա առանց նախապայմանների կառավարությունը հետ է բերել COVID-19-ի հետեւանքների վերացման համար:
2017-ից «Ալիք մեդիա»-Վրաստան թիմի անդամ եմ՝ լրագրող։ Թեեւ Վրաստանի տեխնիկական համալսարանում իրավագիտություն եմ ուսումնասիրել, բայց ինձ համար հետաքրքիր են բոլոր ոլորտներն ու թեմաները։