Անգլիական The Guardian-ը գրում է, որ Լրագրողների միջազգային ֆեդերացիայի (IFJ) հրապարակած տվյալների համաձայն, այս տարի աշխարհում, մասնագիտական պարտականությունները կատարելիս՝ սպանվել է քառասուներկու լրագրող եւ զանգվածային լրատվամիջոցների աշխատակից:
Մեքսիկան արդեն չորրորդ անգամ գլխավորում է լրագրողների համար ամենավտանգավոր երկրների ցանկը: Այնտեղ մեկ տարվա ընթացքում սպանվել է տասներեք լրագրող: Երկրորդ տեղում Պակիստանն է՝ հինգ լրագրողի սպանությամբ: Երեքական լրագրող էլ սպանվել են Աֆղանստանում, Հնդկաստանում, Իրաքում եւ Նիգերիայում:
IFJ-ի տվյալներով աշխարհում անցած երեսուն տարում սպանվել է 2658 լրագրող: Կազմակերպությունը վերջին տարիներին արձանագրում է սպանությունների նվազման միտում, այդուհանդերձ, ընդգծում, որ այդ թվերն «ի վիճակի չեն թաքցնելու այն մահացու վտանգն ու սպառնալիքները, որոնց պայմաններում շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունը ծավալել լրագրողները»:
«Սա սոսկ վիճակագրություն չէ: Նրանք մեր բարեկամներն ու գործընկերնեն են, որոնք սեփական կյանքը նվիրել են լրագրողական աշխատանքին եւ որի համար շատ բարձր գին են վճարել». հայտարարել է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Էնթոնի Բելանջերը:
Նշենք, որ 2019-ին աշխարհում սպանվել էր քառասունինը լրագրող եւ մեդիա աշխատակից: